Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Քիչ առաջ դատարանը հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով որոշումը և նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։ Միաժամանակ որպես պատիժ է նշանակվել նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։ Սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու որոշեց անհապաղ ազատ արձակել արգելանքից։

Դատարանը ճանաչել և հռչակել է նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի անմեղությունը, արդարացրել նրան առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նշենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշ Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։