Արցախի դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 14-ից

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդից հայտնել են, որ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։