Զելենսկին ասել է, որ կորցրել է հետաքրքրությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքի եթերում ասել է, որ ինքը «սառել է» ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վաղուց կորցրել էի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային, դաշինքը վախենում է հակասություններից և Ռուսաստանի հետ առճակատումից», – ասել է պետության ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ Կիևը  ծնկաչոք Բրյուսելից ոչինչ չի մուրալու։

Գերագույն Ռադան 2014 թվականի դեկտեմբերին հրաժարվեց Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակից։ 2019 թվականի փետրվարին խորհրդարանն ընդունեց սահմանադրության փոփոխությունները, որոնք ամրագրեցին երկրի կուրսը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։