Զգացողություն ունեմ, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ուղիղ 6 տարի առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։ Այսօր ասուլիսում նա ամփոփում է իր գործունեության 6 տարին՝ նշելով, որ այս տարիներին աշխատել են ամենաբարդ, լարված ու ճգնաժամային իրավիճակներում։

«Մշտապես ինձ ուղեկցել է մի կարևորագույն սկզբունք՝  հավատարիմ լինել երդմանը, նաև՝  անել մշտապես ամեն ինչ՝ որքան անհրաժեշտ է, իսկ դրանից հետո էլ ամեն ինչ՝ որքան պետք է»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա թվարկեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել և ինչպիսի աշխատանքներ են կատարել՝ 2016-ին Ապրիլյան պատերազմ, ոստիկանության ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունները՝ զանգվածային հավաքներ, ակցիաներ, ձերբակալություններ, իրավունքների խախտումներ։

«2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձութունները տեղի ունեցան։ Աշխատանքային խմբերով աշխատել ենք գիշեր-ցերեկ, հաճախ լուսացնելով  ոստիկանության բաժիններում, ՔԿՀ-ներում, աշխատակազմում, որպեսզի  կարողանանք պատշաճ իրականացնենք մեր պարտականությունները»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

«Այնուհետև 2020 թ. հուլիսին ադրբեջանական իշխանությունները սանձազերծել էին ագրեսիա Տավուշի ուղղությամբ, ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, միջազգային կառույցներին են ներկայացրել ճշգրիտ տեղեկություններ, պատերազմական հանցանքները։ Կորոնավիրուսի ժամանակաշրջանում աշխատել են երեք հիմնարար ուղղությամբ՝ իրազեկում,  կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպանություն, վերահսկողություն պետության նկատմամբ, որպեսզի պետությունը, չօգտվելով արտակարգ դրությունից և չարաշահումներ թույլ չտա։

Ա. Թաթոյանն ասաց, որ 2020 թ. աեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած աղետաբար 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակվում են խախտումները սահմանային բնակավայրերում, Արցախում։
Այս ողջ ընթացքում, հիմա էլ ունեմ այն զգացողությունը, որ դեռ գտնվում ենք պատերազմի մեջ, պարզապես զինված հարձակում չկա, իրավական ձևակերպումն այդպես չէ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։

Նա ընդգծեց, որ չնայած այս լարված իրավիճակներին, ունեցել են դիմումների և բողոքների շեշտակի աճ։ Համեմատության համար Ա. Թաթոյանը նշեց. 2015 թվականին գրավոր և բանավոր դիմում-բողոքները  եղել են 5214, 2016-ին՝ 5113, արդեն 2020 թվականին 14 հազար 780, իսկ 2021-ին՝  21 հազար 118։ Թեժ գծին 2015 թ. ստացվել է 2086 ահազանգ, 2016-ին՝ 1876, ապա 2020-ին 11 հազար 735, 2021-ին՝ 14 հազար 124։ 6 տարվա  ընթացքում 5 անգամ աճել է ՍԴ ներկայացվող դիմումների թիվը։