Պողպատե թոկը ձգվել է, և 12-ամյա տղայի չորս մատները կտրվել են

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը

«Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե թոկով (տռոս), որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար»,- գրել է Դերձյանը։