Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր… Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել Նաիրուհի Ալավերդյանին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ճեմասրահում վերջին հրաժեշտն են տվել ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հրաժեշտի արարողությանը ներկա էին ժողովրդական արտիստուհու արվեստի երկրպագուները, հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, պետական այրեր, քաղաքացիներ :

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Նաիրուհի Ալավերդյանն իր նշանակալի ավանդն ունի մեր մշակույթի և երգարվեստի զարգացման գործում: «Նա ազգային մշակութային արժեքները փոխանցող արվեստագետ էր, որևէ բան նրա մեջ խամրած, գունազրկված չէր, շարունակում էր մնալ կենսունակ, կենսախինդ, միայն ժպիտով էր ընդունում ու ճանապարհում մարդկանց։ Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև՝ զորամասեր: Երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձություններին դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար», – նշեց Լ. Ղարախանյանը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանի համոզմամբ՝ չի մոռացվի և՛ սովետական շրջանի, և՛ պատերազմից հետո նորից իր երկրորդ կենսունակությունը ձեռք բերած, էլ ավելի հայեցի հայուհի Նաիրուհու կերպարը: «Նաիրուհի Ալավերդյանին հիշում եմ մանկուց, ինչպես ասում են, աչքս բացել եմ՝ նրա ձայնը ականջներումս։ Նա եղել է մեր մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, և ես առնվազն 10 տարի նրա հետ աշխատել եմ։ 80-ամյա տարիքում էլ երգչուհին պահպանել էր իր ներքին ու արտաքին հմայքը. լավ արտիստուհի, խորը հոգու և ուժեղ կամքի տեր անձնավորություն էր: Անընդհատ ցանկանում էր իր հսկա ժառանգությունը, փորձը փոխանցել երիտասարդ սերնդին: Նա մեր մշակութային պատմության մեջ յուրահատուկ էջ էր։ Աստված հոգին լուսավորի»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, Արցախի ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեջ Նաիրուհի Ալավերդյանը որպես կենդանի կերպար է մնացել: «Նա հոյակապ անձնավորություն էր, միշտ զբաղվել է նվիրական գործով՝ ի փառս հայ ժողովրդի երաժշտարվեստի։ Մարդու գործն է միշտ անմահ, և մենք կարող ենք մխիթարվել այն բանով, որ Նաիրուհի Ալավերդյանը ստեղծագործություններ է թողել սերունդների համար, ովքեր կներկայացնեն նրա մեծ արվեստը», – նշեց Գ. Մուրադյանը:

Բանաստեղծուհի, «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ծովինար Բաղդասարյանի խոսքով՝ Նաիրուհու ձայնը հիմա ևս հնչում է, որովհետև սոխակի ձայնը չի դադարի հնչել:

«Նրա հանդեպ ժողովրդի սերը հավերժ կմնա:

Նա մեր կազմակերպության անդամ էր, մենք նրանով պարծենում ու հիանում էինք: Նրա մասին այնքան շատ բան կա ասելու:

Սիրտս մեծ ցավ է ապրում կորստից», – ասաց Ծ. Բաղդասարյանը: