Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ. «Գիտուժ»

Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը բացարձակապես ռազմավարական չէ։ «Գիտուժը» վերահաստատում է իր պահանջը. «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելացման՝ Կառավարության ապրիլի 8-ի որոշման կապակցությամբ։

Նախաձեռնության այսօրվա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում և որոշ դրամաշնորհային ծրագրեր:

Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը և գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը:

Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:

«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։

Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները և հետևողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։

Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ»։