Այվազովսկու «Վենետիկը գիշերը» կտավը Լոնդոնում վաճառվել է 1,3 մլն եվրոյով
Նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը. Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով (1,3 մլն եվրո): Արվեստի այս գործի նախնական գինը 500 000 – 700 000 ֆունտ ստեռլինգ էր:
Այվազովսկին այն նկարել է 1862 թվականին։ Շրջանակի վրա մոմե կնիքի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ նկարը մի ժամանակ մաքսային ստուգում է անցել Տրիեստում, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության մաս էր կազմում:
«Հնարավոր է, որ կտավը նավով տեղափոխվել է նկարչի հայրենի քաղաք Թեոդոսիայից Տրիեստ, իսկ այնտեղից՝ Եվրոպա, ցուցադրության համար»,- ասվում է Sotheby’s կայքում:
«Վենետիկը գիշերը» կտավը ձեռք է բերել էստոնացի հավաքորդն ու հնաոճ իրերի վաճառողը։

