Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադարձնել «1997 թվականի սահմաններին»՝ Կալինինգրադի մարզից իր զորքերը դուրս բերելու դիմաց։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այդ գաղափարը եվրոպացի դաշնակիցներին ներկայացրել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները՝ պնդելով, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ։ ԵՄ առաջնորդները մերժել են առաջարկը, սակայն համաձայնել են ռուսական կողմի հետ անվտանգության հարցերով տեխնիկական բանակցություններ անցկացնել։

Ավելի վաղ The Telegraph-ի աղբյուրները հայտնել էին, որ Պուտինն առաջարկել է խաղաղ գործընթացում ներգրավել Եվրոպայի ներկայացուցիչներին՝ քննարկելու ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու հարցը։ Նոյեմբերի 11-ին Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատերազմն ավարտելու համար պահանջել է կրճատել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայությունն այն երկրներում, որոնք անդամակցել են դաշինքին 1997 թվականից հետո։

Մոսկվայի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է կրճատի համագործակցությունն Ուկրաինայի և հետխորհրդային մյուս պետությունների հետ։