ԵՄ-ը զեկույցով նախազգուշացրել է Վրաստանին
Եվրահանձնաժողովը ԵՄ ընդլայնման վերաբերյալ նոյեմբերի 4-ին հրապարակված տարեկան զեկույցում արձանագրել է Վրաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացը՝ ընդգծելով, որ երկրի անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է։ Հանձնաժողովը նաև զգուշացրել է, որ առկա խնդիրները չլուծելու դեպքում վտանգվում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմն ընդհանուր առմամբ։ Region Monitor–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Civil Georgia»-ն։
«Ժողովրդավարական հետընթացի և հիմնարար իրավունքների հարցերում Վրաստանը բախման ուղի է բռնել ԵՄ-ի հետ։ Վրաստանի անդամակցության գործընթացը մնում է փաստացի կասեցված», – զեկույցների ներկայացման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ հունվարին ԵՄ արտգործնախարարներն ավելի խորքային քննարկում կանցկացնեն Վրաստանի հարցով՝ որոշելու, թե ինչպես լավագույնս աջակցել երկրի բնակչությանն ու եվրոպական անդամակցության նրա ձգտումներին։
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը շարունակում է մնալ անդամակցության թեկնածու ,միայն անվանապեսե՝ զրկվելով թեկնածուի կարգավիճակի և նախաանդամակցային գործընթացի ընձեռած առավելություններից։ Փաստաթղթում նշվում է, որ իշխող կուսակցությունը շարունակում է խաթարել երկրի եվրոպական ուղին՝ ոտնահարելով ժողովրդավարական սկզբունքները, իրավունքի գերակայությունն ու հիմնարար իրավունքներ։
Վրաստանին վերաբերող առանձին զեկույցում հանձնաժողովն արձանագրել է իշխանության կենտրոնացման աճ, ժողովրդավարական ինստիտուտների թուլացում, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակում և հակաեվրոպական հռետորաբանություն։ Ըստ փաստաթղթի՝ «Սահմանադրական դատարանի միջոցով հիմնական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը սպառնում են երկրի ժողովրդավարության հիմքերին, իսկ ընդդիմության առաջնորդների մեծ մասը քրեական մեղադրանքների է բախվում, արտերկրում է կամ բանտում»։
Հանձնաժողովը կոչ է արել ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց՝ ներառյալ քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին, և չեղարկել հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենսդրությունը։ Այն նաև պահանջել է համապարփակ քննություն անցկացնել իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման, խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ։
Զեկույցում նշվել է, որ Վրաստանում խոսքի ազատության ոլորտում հետընթաց է արձանագրվում երրորդ տարին անընդմեջ։ Եվրահանձնաժողովը շեշտել է լրագրողների անվտանգության ապահովման, նրանց դեմ հարձակումների անաչառ քննության և լրատվամիջոցների համար ազատ ու բազմակարծիք միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը։
Առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ հանձնաժողովը նշել է, որ Թբիլիսին չի լուծել այն խնդիրները, որոնց պատճառով ավելի վաղ կասեցվել էր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների առանց վիզայի մուտքը։ Ըստ փաստաթղթի՝ Վրաստանը չի իրականացրել նաև վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի նախորդ զեկույցում ներկայացված գրեթե բոլոր առաջարկությունները։
Նվազել է նաև Վրաստանի համապատասխանությունը ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ համապատասխան հայտարարություններին ու պատժամիջոցային որոշումներին միանալու ցուցանիշը կազմել է 38 տոկոս՝ նախորդ տարվա 40 տոկոսի դիմաց։
Միաժամանակ Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կարող է վերսկսվել, եթե իշխանությունները փոխեն քաղաքական ուղղությունը և վերահաստատեն իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու հիմնարար իրավունքներին։ ԵՄ-ն վերահաստատել է նաև աջակցությունը Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու նրա քաղաքացիների եվրոպական ձգտումներին։

