Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն նոյեմբերի 7-ից։ Թռիչքները կիրականացնի բուլղարական GullivAir ավիաընկերությունը՝ Bulgaria Air-ի հետ համագործակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել GullivAir ավիաընկերությունը։
Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։ Ձմեռային չվացուցակը կգործի մինչև 2027 թվականի մարտի 25-ը։ Ավիաընկերությունը դիտարկում է նաև ամառային սեզոնում թռիչքները շարունակելու հնարավորությունը՝ կախված ուղևորների պահանջարկից։Նոր երթուղու առաջին չվերթը կկայանա նոյեմբերի 7-ին։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջին չվերթի ինքնաթիռը պաշտոնապես կդիմավորեն Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի կառավարական ինստիտուտների ներկայացուցիչներ։
Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերականգնումը կնպաստի Հայաստանի և Բուլղարիայի միջև օդային կապի բարելավմանը՝ հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների ճանապարհորդությունները և նոր հնարավորություններ ստեղծելով զբոսաշրջության, գործարար կապերի ու մշակութային փոխանակման համար։

