ԵՄ-ը ցանկանում է ուղիղ ազդեցություն ունենալ Վրաստանի դատական համակարգի վրա. խորհրդարանի խոսնակ
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին ասել է, որ Եվրամիությունը փորձում է վերահսկողություն սահմանել Վրաստանի դատարանների նկատմամբ՝ ապագայում հանրահավաքների ժամանակ բռնություն գործադրողներին արդարացնելու համար։
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները տարածել էին Եվրոպական հանձնաժողովի զեկույց։ Այնտեղ, ի թիվս այլ բաների, նշվում է, որ Վրաստանի իշխանությունները միջազգային փորձագետների դերակատարմամբ պետք է դատավորներ նշանակեն դատարաններում, Բարձրագույն խորհրդում, ինչպես նաև ստուգեն դատավոների թեկնածուների բարեվարքությունը։
«Նրանք ցանկանում են անմիջական ազդեցություն ունենալ Վրաստանի դատական համակարգի վրա։ Դրան հասնելու համար նրանք պահանջում են, որ Վրաստանում դատավորները նշանակվեն ոչ թե մեր Սահմանադրությանը և վրաց ժողովրդի կամքին համապատասխան, այլ որ նրանց նշանակեն օտարերկրացիները։ Այսինքն՝ Ռասա Յուկնևիչիենեի նման մարդիկ պետք է մեզ համար դատավորներ նշանակեն։ Ինչո՞ւ են նրանք դա ուզում։ Որպեսզի ապագայում հանրահավաքներում բռնություն կիրառող ոչ ոք պատասխանատվության չենթարկվի իր գործողությունների համար, քանի որ հենց որ Բրյուսելը ստանձնի վրացական արդարադատության համակարգը, նրանք չեն դատապարտի մեղավորներից ոչ մեկին և կարդարացնեն բոլորին», – ասել է Պապուաշվիլին։

