Իրանը պատրաստ է երկու օրում վերաբացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության դեպքում
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Թեհրանի պահանջների շուրջ համաձայնության հասնելու դեպքում Իրանը կարող է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը և վերականգնել այնտեղ անվտանգ նավարկությունը։
Բաղային նաև հավելել է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Նրա խոսքով՝ Թեհրանի պահանջների թվում են Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացումը և սառեցված իրանական ակտիվների ազատումը։ Միևնույն ժամանակ, Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ շարունակելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդավորված բանակցությունները։
Նշենք, որ Հորմուզի նեղուցը Իրանը փակել էր փետրվարին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։

