Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը
Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ նշանավոր կառույցները լուսավորել Ադրբեջանի պետական դրոշի գույներով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Նախկինում նման խնդրանքները բավարարվում էին: Թե ինչու է այս անգամ հետևել մերժում, անհայտ է։ Եվ այստեղ օրինաչափ հարց է առաջանում. եթե Անկարան բացառիկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, ինչո՞ւ են նույնիսկ հարգանքի նման խորհրդանշական դրսևորումները դառնում դիվանագիտական տարաձայնությունների առարկա»,- ընդգծել է աղբյուրը։
Նշվում է, որ այս տարի Անկարան ինքն է խախտել բազմամյա ավանդույթը: Մայիսի 28-ին Ադրբեջանի Անկախության օրվա տոնակատարությանը Թուրքիան ներկայացնում էր ոչ թե խորհրդարանի խոսնակը կամ փոխնախագահը, ինչպես նախկինում, այլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:
«Բաքուն ընդամենը կիրառել է դիվանագիտության մեջ ընդունված փոխադարձության սկզբունքը: Անկարային պատասխանել են ճիշտ այն մակարդակով, որն ինքը բավարար էր համարել Ադրբեջանի համար. խորհրդարանի խոսնակի փոխարեն թուրքական ընդունելությանն ուղարկել են նախարարի»,- հավելել է աղբյուրը։

