Վրաստանի ընդդիմությունը բողոքի նոր ալիք է սկսում
Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում հազարավոր մարդիկ մասնակցել են ընդդիմադիր երթի՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլիի․ վրաց ժողովուրդն ավելիին է արժանի» կարգախոսով։ Ինը ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կազմակերպած ակցիայի մասնակիցները բողոքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության դեմ։ Ընդդիմության առաջնորդները հայտարարել են բողոքի նոր արշավ սկսելու մասին, որի հաջորդ խոշոր միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 28-ին։ Այս մասին գրել է «Deutsche Welle»-ն, փոխանցում է Region Monitor-ը։
Մասնակիցները հավաքվել են Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ, ապա երթով շարժվել դեպի Ռուսթավելիի պողոտա։ «Кавказский узел»-ի հաղորդմամբ՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ, որոնք իրենց հետ բերել են Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներ։ Ակցիայի վայրում ներկա են եղել նաև մեծ թվով ուժայիններ։
Բողոքի հիմնական պատճառներից մեկը իշխող կուսակցության նախաձեռնությունն է՝ Սահմանադրական դատարանի միջոցով հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու վերաբերյալ։ Գործը վերաբերում է «Միացյալ ազգային շարժմանը», «Փոփոխությունների կոալիցիային», «Ուժեղ Վրաստան՝ Լելո»-ին, «Ֆեդերալիստական կուսակցությանը» և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությանը։ Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ այդ կուսակցությունների գործունեությունը հակասում է երկրի սահմանադրական կարգին։ Ընդդիմությունը նախաձեռնությունը համարում է քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձ։ Սահմանադրական դատարանում գործի քննությունը սկսվել է հոկտեմբերի 21-ին։
Վրաստանում զանգվածային հակակառավարական ցույցերը սկսվել են 2024 թվականի գարնանը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ։ Դրանք ավելի են սրվել նույն տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները ընդդիմությունը չի ճանաչել։ Նոյեմբերի 28-ին կառավարությունը հայտարարել է, որ մինչև 2028 թվականի ավարտը չի առաջադրի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման հարցը։ Այդ հայտարարությունից հետո երկրում սկսվել են զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով և ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազի ու ջրցան մեքենաների կիրառմամբ։ Նոյեմբերի 28-ի նոր հանրահավաքը նախատեսվում է այդ բողոքի շարժման մեկնարկի երկրորդ տարելիցին։

