Փաշինյանն այս դաշտում բավականին հաջողակ ուսուցիչ է Իլհամ Հեյդարիչի համար

Շատերը հարցնում են ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի պատճառով բողոքի ցույցերի և թուրք֊ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին դիտարկվող լարվածության կամ անհամաձայնությունների մասին։ Որևէ կասկած չունեմ, որ որոշումը լրջորեն նախապատրաստվել է ավելի քան մեկ տարի, 2025 թվականի իրանա֊իսրայելական հունիսյան 12֊օրյա պատերազմից և Վաշինգտոնում օգոստոսի 8֊ի հայ֊ադրբեջանական հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո։ Ադրբեջանական սոցմեդիայի հրապարակումներից ակնհայտ է, որ արդեն 2026 թվականի գարնանը ադրբեջանական դպրոցներին իջեցվել է ներքին հրահանգ հիջաբ կրող աղջիկներին թույլ չտալ դասի։ Ամառային արձակուրդներին առանց հանրային քննարկումների իշխանություններն ընդունել են համապատասխան օրենքը, իսկ աշնանն արդեն, սեպտեմբերի 21֊ին, ընդունվել է ներկա աղմուկի առիթ դարձած կառավարության թիվ 309 որոշումը։

Վերոգրյալի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում` այս ամենն Ալիևի ինչի՞ն է պետք հիմա։ Փորձենք հասկանալ։ Անկասկած է, որ Ադրբեջանի բռնապետի այս որոշման նպատակադրումներից մեկն իր ընտանեկան իշխանության համակարգում իշխանության ապագա տրանսֆերի նախապատրաստումն է հորից որդուն։ Ադրբեջանցիներին ցույց են տալիս և այսուհետև դաստիարակելու են, որ իրենց երկրում կա միայն մեկ բարձրագույն հեղինակություն` կառավարող ընտանիքը և պետության ղեկին նրա ներկայացուցիչը, որին ենթակա են բոլորը, այդ թվում` մզկիթն ու մահմեդական հոգևորականությունը։ Ալիևը վաղուց արդեն վերջնականապես ոչնչացրել է պայմանական ասած աշխարհիկ ընդդիմությունը, հետևաբար, միակը, որ կարող է հանրային կոնսոլիդացիա նախաձեռնել և հանդես գալ որպես իրական ընդդիմադիր առանցք նոր իշխանության ձևավորման, իշխանափոխության գործընթացներում կամ միջամտել իշխանության տրանսֆերին, այդ երկրում գործող կրոնական կազմակերպություններն են։ Հետաքրքիր նմանություններ և զուգահեռներ կան ներկայի Իրական Հայաստանի հետ, ի դեպ։ Մեր Նիկոլի նման հիմա Ալիևն իր այս արշավով երևակում է ընդդիմադիր ռեսուրսը, որպեսզի տեսանելի դառնա, թե ովքե՞ր են բողոքում, ովքե՞ր են պատրաստ ընդդիմանալ, որից հետո ամենաբարձր խոսողներին, անկասկած, կստրելիզացնեն, ինչպես Հայաստանում։ Փաշինյանն այս դաշտում, փաստորեն, բավականին հաջողակ ուսուցիչ է Իլհամ Հեյդարիչի համար։ Մեզ մոտ Հայ Առաքելան եկեղեցին կոմբինատորը հռչակել է ու Արևմուտքին ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գործակալի, Ադրբեջանում Ալիևը շիա կրոնական կազմակերպությունները մատուցում է որպես Արևմուտքի մյուս թշնամու` Իսլամական Իրանի ազդեցության հենարան։ Ու պահը ընտրել են հստակ հաշվարկով, որ Իրանը հիմա շատ ավելի լուրջ խնդիրներ ու հոգսեր ունի, քան Ադրբեջանում հիջաբի արգելքի սահմանումը։ Սրանով Ալիևը նաև ուղերձ է հղում հավաքական Արևմուտքին, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է Իրանի դեմ պայքարում և Արևմուտք֊Իրան հակամարտության մեջ հարավային հարևանի դաշնակիցը չէ ամենևին։ Սա կայուն հող է նախապատրաստում երիտասարդ Հեյդարին իշխանության փոխանցման պարագայում արևմտյան աջակցության կամ առնվազն չեզոքության հեռանկարի առումով։ Բնականաբար, այս ամենում առանցքային է, այդուհանդերձ, Թուրքիայի գործոնը։ Վստահ եմ, քիչ չեն եղել նրանք, ովքեր զարմացել են, երբ Էրդողանի խորհրդականը հրապարակավ դիմեց Բաքվին որոշումը չեղարկելու խնդրանքով, որ արտաքուստ պահանջի էր նման` ուղեկցված Թուրքիայում բավականին մեծ հանրային բողոքի ցույցերով։ Թուրքերին և Թուրքիայի ներքաղաքական զարգացումներին, Էրդողան֊Ալիև զույգի արտաքին քաղաքական ռազմավարական նպատակադրումներին անծանոթ յուրաքանչյուր մեկի համար պաշտոնական Բաքվի կոշտ մերժումը կարող թվալ վկայություն, թե Ադրբեջանի և նրա ավագ եղբոր հարաբերություններում ճաքեր են առաջացել և կամ թե Ալիևն ինքնուրույն է իր որոշումներում։ Կարծում եմ, այս համատեքստում արդեն իսկ տեսանելի է, որ հիջաբի արգելքի ալիևյան օպերացիան բազմաքայլ կոմբինացիա է մի քանի նպատակադրումներով, որոնցում, ի դեպ, խորքային առումով առանցքային են ոչ թե վերոնշյալները,այլև իսրայելական և մեր` հայկական թեմատիկան են։ Բայց այդ մասին ավելի մանրամասն կանդրադառնամ արդեն առանձին հաջորդիվ գրառմամբ։ Շարունակելի։ 

 Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը