Կառավարությունը երկարաձգեց պտուղ-բանջարեղեն արտահանման սուբսիդավորումը
ՀՀ կառավարությունը երկարաձգել է հոկտեմբեր ամսին պտուղ-բանջարեղենի և որոշ այլ սննդամթերքի արտահանման համար տրամադրվող փոխհատուցման ծրագիրը։
Ծիրանի արտահանման համար սուբսիդիան կպահպանվի մեկ կիլոգրամի դիմաց 200 դրամի չափով։ Դեղձի, սալորի և նեկտարինի արտահանման սուբսիդիան 250 դրամից կնվազի մինչև 200 դրամ։ Խնձորի, խաղողի և տանձի համար կշարունակվի տրամադրվել 150 դրամ, իսկ թզի արտահանման դեպքում՝ 200 դրամ՝ մեկ կիլոգրամի դիմաց։
Գինու արտահանման սուբսիդիան կպահպանվի մեկ լիտրի դիմաց 350 դրամի չափով։ ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու դեպքում այն կկազմի 175 դրամ։
Հանքային ջրի արտահանման համար մեկ լիտրի դիմաց 150 դրամ սուբսիդիան կպահպանվի ԱՄՆ, Կանադա, ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա և Պարսից ծոցի երկրներ արտահանելու դեպքում։ Մյուս երկրների համար սուբսիդիայի չափը կկազմի 75 դրամ՝ մեկ լիտրի դիմաց։

