Կանադան ի վերջո կդառնա 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադան ի վերջո կդառնա 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության աջակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք մեզ պետք չեն: Մենք ենք պետք իրենց», – հավելել է Թրամփը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Կանադայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով նախկինում կրել է տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի վնասներ:

Թրամփը կարծում է, որ Կանադայի իշխանությունները կանեն նույնը, ինչ Գրենլանդիան:

Թրամփը նախկինում բազմիցս կոչ է արել Կանադային մտնել ԱՄՆ-ի կազմի մեջ: ԱՄՆ նախագահը բազմիցս Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանել է նահանգապետ: Կանադայի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը: