ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը կժամանի Հայաստան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի առաջին տեղակալ պրն․ Հաոլիանգ Սյուն 2026թ․ հոկտեմբերի 14-17-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։

Որպես ՄԱԶԾ-ի երկրորդ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ղեկավար՝ պրն․ Հաոլիանգ Սյուն կմիանա համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին և զարգացման գործընկերներին՝ խթանելու կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանը և բնության դրական արդյունքներին միտված զարգացման ֆինանսավորմանն ուղղված միջազգային համագործակցությունը։

Այցի ընթացքում պրն․ Սյուն կհանդիպի Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ․ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հետ։

Նա նաև կհանդիպի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և կայցելի ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության ծրագիր, որը ներկայացնում է տեղական մակարդակում կայուն զարգացման լուծումներ։

ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալը կմասնակցի COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին և ակնկալվում է, որ իր ներդրումը կունենա «Քաղաքական հրամայականը. բնության պաշտպանությունը հանուն խաղաղության, անվտանգության և զարգացման» խորագրով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը։

Պրն․ Հաոլիանգ Սյուն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԶԾ ադմինիստրատորի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2023թ․։ Նա Չինաստանի քաղաքացի է և ունի ավելի քան երեք տասնամյակի զարգացման փորձ՝ Ասիայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև գլոբալ քաղաքականությունների մշակման ոլորտում։ Մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, նա զբաղեցրել է ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալի և Քաղաքականության ու ծրագրերի աջակցության բյուրոյի տնօրենի, ինչպես նաև Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով տարածաշրջանային տնօրենի պաշտոնները։