Նոր մարտահրավեր․ էլեկտրոնային սիգարետներ և նիկոտինային պարկիկներ
Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ աշխարհում հանրային առողջության ամենակարևոր խնդիրներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2026 թվականի տվյալներով՝ աշխարհում կա մոտ 1.2 միլիարդ ծխախոտ օգտագործող, և ծխախոտը տարեկան պատճառ է դառնում ավելի քան 7 միլիոն մահվան, այդ թվում՝ որից 1.6 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցության հետևանքով մահվան դեպքերն են։
Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է։
ԱՀԿ-ն ընդգծում է, որ ծխախոտի օգտագործման անվտանգ մակարդակ գոյություն չունի․ ծխախոտը վնասում է օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները և կապված է սրտանոթային հիվանդությունների, շնչառական հիվանդությունների և ավելի քան 20 տեսակի քաղցկեղի հետ: «Հերացի» վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա հիմնական ուղերձն է՝ այս օրը կարող է դառնալ ոչ թե պարզապես հերթական իրազեկման օր, այլ գործողությունների օր։
ԱՀԿ-ի 2025 թվականի գլոբալ զեկույցի համաձայն՝ աշխարհում ծխախոտ օգտագործողների թիվը 2000-2004 թվականների ընկած ժամանակահատվածում նվազել է 1.1 անգամ ( 2000 թ․՝ մոտ 1.38 միլիարդ, 2024 թ․՝ մոտ 1.2 միլիարդ):
Միաժամանակ, մոտ 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների և մահերի բեռը հատկապես մեծ է։Պասիվ ծխելը նույնպես առողջության համար անվտանգ չէ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ երկրորդային ծխի ազդեցությունը տարեկան առաջացնում է ավելի քան 1.6 միլիոն վաղաժամ մահ և կապված է սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, շնչառական հիվանդությունների և թոքերի քաղցկեղի հետ։
Հայաստանի իրավիճակը հատկապես կարևոր է, քանի որ ծխախոտի օգտագործումը Հայաստանում ունի արտահայտված սեռային տարբերություն։
Այս տվյալները պետք է մեկնաբանել որպես ԱՀԿ-ի մոդելավորված, տարիքային ստանդարտացված գնահատականներ 15+ բնակչության համար, այլ ոչ թե նույն տարվա ազգային հարցման պարզ արդյունք։
ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի 2024 թվականի զեկույցում ևս նշվում է, որ Հայաստանում տղամարդկանց ծխելու տարածվածությունը 2023 թվականին գնահատվել է մոտ 49%, մինչդեռ կանանց մոտ՝ մոտ 1.6%։ Ընդհանուր 15+ բնակչության շրջանում ծխելու տարածվածությունը գնահատվել է 23.2%։
Հանրային առողջության տեսանկյունից Հայաստանի համար ծխախոտի դեմ պայքարը պետք է դիտարկել ոչ միայն որպես «ծխելը թողնելու» խնդիր, այլ որպես՝ կանխարգելում → վաղ հայտնաբերում → խորհրդատվություն → բուժում → ռեցիդիվի կանխարգելում → երիտասարդների պաշտպանություն:
Հատկապես կարևոր է տղամարդկանց շրջանում բարձր տարածվածության նվազեցումը, միաժամանակ չանտեսելով երիտասարդների շրջանում նոր նիկոտինային արտադրանքի տարածման ռիսկը։
Նոր մարտահրավեր․ էլեկտրոնային և տաքացվող արտադրանք
Ծխախոտի դեմ պայքարն այսօր այլևս չի սահմանափակվում սովորական սիգարետով։
ԱՀԿ-ն առանձին անդրադառնում է՝
- էլեկտրոնային սիգարետներին,
- տաքացվող ծխախոտային արտադրանքներին,
- նիկոտինային պարկիկներին,
- այլ նոր նիկոտինային արտադրանքներին։
ԱՀԿ-ի դիրքորոշմամբ՝ էլեկտրոնային սիգարետները անվնաս չեն, իսկ նիկոտինը հատկապես վտանգավոր է երեխաների և դեռահասների համար, քանի որ զարգացող ուղեղը ավելի խոցելի է նիկոտինի ազդեցության նկատմամբ։ 2025 թվականի World No Tobacco Day-ի շրջանակում ԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձրել նոր արտադրանքի համերին, գույներին, փաթեթավորմանը և մարքեթինգային մեթոդներին, որոնք կարող են բարձրացնել դրանց գրավչությունը երիտասարդների համար։
Նիկոտինային կախվածությունը պարզապես «վատ սովորություն» չէ, այն բարձր կախվածություն առաջացնող նյութ է։ Հետևաբար ծխախոտից հրաժարվելու գործընթացը պետք է դիտարկել նաև որպես կախվածության բուժման խնդիր։
ԱՀԿ-ի տվյալներով՝ այն ծխողների ավելի քան 60%-ը, որոնց շրջանում իրականացվել են Global Adult Tobacco Survey ուսումնասիրություններ, հայտնել են, որ ցանկանում են թողնել ծխելը։ Խորհրդատվության և դեղորայքային բուժման համադրությունը կարող է ավելի քան կրկնապատկել հաջողությամբ հրաժարվելու հավանականությունը։ Ծխելը թողնելու ցանկությունը պետք է վերածվի հասանելի մասնագիտական աջակցության։
Ծխախոտի տնտեսական բեռը Հայաստանի համար
Ծխախոտի հետևանքները միայն առողջապահական չեն։
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի տվյալներով՝ Հայաստանում ծխախոտի օգտագործման հետ կապված տարեկան տնտեսական ծախսը գնահատվել է մոտ 273 միլիարդ ՀՀ դրամ, որը կազմել է ՀՆԱ-ի մոտ 4.2%-ը։ Դրանից`
- մոտ 76 միլիարդ դրամը՝ առողջապահական ծախսեր,
- մոտ 197 միլիարդ դրամը՝ վաղաժամ մահվան և հաշմանդամության, ինչպես նաև արտադրողականության կորստի հետ կապված ծախսեր։
Նույն ուսումնասիրության համաձայն՝ ծխախոտի դեմ պայքարի ապացուցված միջոցների իրականացումը 15 տարվա ընթացքում կարող էր կանխել 23,245 մահ, իսկ կանխված տնտեսական կորուստների գնահատված արժեքը կազմել մոտ 889 միլիարդ դրամ։ Սա ցույց է տալիս, որ ծխախոտի դեմ պայքարը ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ներդրում է։
Հայաստանը WHO Framework Convention on Tobacco Control-ի՝ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի կողմ է 2004 թվականից, իսկ կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2005 թվականին։
2020 թվականին ընդունված ծխախոտի դեմ պայքարի օրենսդրությունը զգալիորեն ուժեղացրեց մի շարք միջոցառումներ՝
- հանրային և աշխատանքային փակ տարածքներում ծխելու սահմանափակումներ,
- ծխախոտի գովազդի և առաջխաղացման սահմանափակումներ,
- փաթեթավորման և առողջության վերաբերյալ նախազգուշացումների պահանջներ,
- ծխելը թողնելու աջակցության զարգացում,
- հարկային միջոցառումներ։
Հոկտեմբերի 12-ի հիմնական 5 ուղերձը.
- Ծխախոտը կանխարգելելի հիվանդությունների և մահերի կարևոր պատճառ է։
- Պասիվ ծխելը նույնպես վտանգավոր է․ անվտանգ մակարդակ գոյություն չունի։
- Նիկոտինային կախվածությունը բուժելի խնդիր է, և ծխելը թողնել ցանկացող մարդը պետք է ստանա մասնագիտական աջակցություն։
- Երեխաներն ու դեռահասները պետք է պաշտպանված լինեն նոր նիկոտինային արտադրանքի գրավիչ մարքեթինգից։
- Ծխախոտի դեմ պայքարը առողջապահական համակարգի, կրթական համակարգի, համայնքների, ընտանիքների և ամբողջ հասարակության համատեղ աշխատանքն է։

