Հոգևորականների թողած ժառանգությունը շարունակում է ապրել հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի կյանքի և անցած ուղու մասին պատմող՝ «Լեյտենանտից մինչեւ գեներալ-լեյտենանտ» գրքի շնորհանդեսը։

Տեր Հեթում քահանա Թարվերդյան նշում է՝ այս գրքի ներկայացումը պարզապես գրական կամ կենսագրական իրադարձություն չէր․ այն կարևոր առիթ էր վերարժևորելու հայրենիքին ծառայելու, ազգային անվտանգության, պատմական հիշողության և սերունդների միջև հոգևոր ու բարոյական կապի նշանակությունը։

«Գիրքը ներկայացնում է Հրանտ Եպիսկոպոսյանի անցած ծառայողական ուղին, նրա նվիրումն ու պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ, ինչպես նաև նրա կապը Եպիսկոպոսյան տոհմի պատմության և հոգևոր ժառանգության հետ։

Երբ մարդու կյանքի պատմությունը միահյուսվում է նախնիների հիշողությանը, այն դառնում է ավելին, քան անձնական կենսագրություն․ այն վերածվում է սերունդներին փոխանցվող արժեքների վկայության։ Հրանտ Եպիսկոպոսյանի օրինակը հիշեցնում է, որ հայրենիքին ծառայելը միայն զինվորական կոչում կամ մասնագիտական պարտականություն չէ, այլև բարոյական առաքելություն, որը պահանջում է հավատարմություն, խիզախություն և պատասխանատվություն։

Առանձնահատուկ խորհուրդ ուներ միջոցառման անցկացումը Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Եկեղեցին, լինելով մեր ժողովրդի հոգևոր հիշողության և ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը, խորհրդանշական տարածք է, որտեղ հանդիպում են հավատքը, պատմությունը և ազգային գիտակցությունը։ Այստեղ հայրենիքի պաշտպանին նվիրված գրքի շնորհանդեսը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հոգևոր և ազգային ծառայությունները, թեև տարբեր են իրենց բնույթով, միավորվում են մարդու, հայրենիքի և սերունդների ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Միջոցառման ավարտին, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ, եկեղեցու բակում կատարվեց հոգևոր կարգ՝ ի հիշատակ Վարդան արքեպիսկոպոս Եպիսկոպոսյանի, որը երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել այս տարածաշրջանում և նշանակալի դեր ունեցել տեղի հավատացյալների կյանքում։

Այս հոգևոր արարողությունը հիշատակի և երախտագիտության արտահայտություն էր այն հոգևորականի հանդեպ, որի ծառայությունը կապված էր ժողովրդի հավատքի պահպանման, եկեղեցական կյանքի զորացման և հոգևոր արժեքների փոխանցման հետ։ Հոգևորականների թողած ժառանգությունը չի սահմանափակվում նրանց ապրած տարիներով․ այն շարունակում է ապրել նրանց ծառայությամբ զորացած համայնքների, պահպանված սրբությունների և հաջորդ սերունդներին փոխանցված հավատքի մեջ։

Այսպիսով, հոկտեմբերի 3-ի միջոցառումը միավորեց երկու կարևոր հիշողություն՝ հայրենիքին զինվորական ծառայության և Աստծուն ու ժողովրդին հոգևոր ծառայության հիշողությունները։ Երկուսն էլ պահանջում են նվիրում, հաստատակամություն և անձնական շահից վեր կանգնելու կարողություն։

Ժողովրդի ուժը միայն նրա բանակի զորությամբ կամ պատմական անցյալով չի պայմանավորվում։ Այն նաև իր հիշողությունը պահպանելու, իր հերոսներին գնահատելու, իր հոգևոր հայրերին մեծարելու և իր արժեքները հաջորդ սերունդներին փոխանցելու կարողության մեջ է։

Երբ մենք արժևորում ենք հայրենիքի պաշտպանին և խոնարհվում հոգևորականի հիշատակի առջև, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում անցյալին, այլև պատասխանատվություն ստանձնում ապագայի հանդեպ։

Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, զորացնի նրա պաշտպաններին, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և խաղաղություն պարգևի մեր ժողովրդին»,- նշել է Տեր Հայրը։