Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել՝ Իրկուտսկից ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելման նպատակով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
- Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ որպես խորհրդակցական մարմին։
- Հաստատել՝
1) հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
1) ապահովել հանձնաժողովի կազմակերպատեխնիկական սպասարկումը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակցությամբ, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակել հանձնաժողովի քարտուղարին.
2) իր իրավասությունների և նշված կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակում ապահովել հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվության, ռիսկի գնահատումների և արձագանքման առաջարկությունների ներկայացումը։
- Հանձնաժողովում ներկայացված մարմինների և կազմակերպության ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել հանձնաժողովում իրենց մարմինը ներկայացնող պաշտոնատար անձի, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատու անձի և նրան փոխարինող անձի տվյալները, պաշտոնական կապի միջոցները, իսկ դրանց փոփոխության դեպքում՝ անհապաղ թարմացնել այդ տեղեկատվությունը։
- Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում գումարել հանձնաժողովի առաջին նիստը՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման ռիսկի գնահատման, կանխարգելման միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։ Մինչ այդ N 2 հավելվածով նախատեսված հրատապ արձագանքման հիմքեր առաջանալու դեպքում գործել այդ հավելվածով սահմանված կարգով։
- Հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերն ընդունվում, իսկ միջոցառումներն իրականացվում են իրավասու մարմինների կողմից՝ օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։

