Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանը կազմակերպված, մշակված նարատիվային պատերազմ է վարում

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվում է հստակ, մեթոդաբանության տեսանկյունից կազմակերպված, մտածված, մշակված նարատիվային պատերազմ (Narrative warfare): Այն ուղեկցվում է պատմության վերաշարադրման (Revisionism), հայկական ազգային, մշակութային, կրոնական ժառանգության ակնհայտ ոչնչացման կամ յուրացման, միջազգային հարթակներում Հայաստանի և հայերի դեմ ատելության քարոզի, ատելության բորբոքման և տարածման, հայկական պատմական արեալի նկատմամբ ակնհայտ նարատիվային հարձակման, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, կեղծ նարատիվներ ստեղծելու և շրջանառելու միջոցով:

Նարատիվային պատերազմի մյուս ուղղությունը հայկական ժառանգության ալբանիզացիան է, որը ո’չ միայն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում է դրսևորվում, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնությունների էլեմենտներ, որոնց խտացումն այսպես կոչված` հնարածին և հայագիտական «արևմտյան Ադրբեջան» նարատիվն է։

Վերը թվարկվածն իրական գործողությունների միայն մասնակի բաժինն է, և չեմ հավակնում այստեղ տալ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի համապարփակ պատկերը։

Հիմա ամենակարևորը` այս ամենը առանձին կազմակերպության կամ հասարակական խմբերի կողմից իրականացվող գործողություններ չեն (հնարավոր էլ չէր), այլ Ադրբեջանի պետական իշխանության կողմից մոդերացվող գործողությունների տրամաբանական հաջորդականությամբ շղթա:

Հիմնական դերակատարներ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (իր բոլոր հարցազրույցները պարունակում են Հայաստանի դեմ նարատիվային պատերազմի տարրեր), Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ում վերջին այցելությունը հայկական պատմամշակութային և կրոնական կառույցներ` դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ ամբողջացնում է ՀՀ նկատմամբ վարվող նարատիվային պատերազմը։

Տեղին է նշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թեպետ փորձում է որոշակի դիվանագիտական զսպվածություն ցուցաբերել, սակայն նա ևս կանգնած է Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի առաջնաբեմում:

Սրան լծված են նաև պետական համակարգի գրեթե բոլոր պաշտոնյաները, ինչպես նաև` ավտորիտար համակարգում որպես քաղաքացիական հասարակություն և փորձագիտական հանրույթ ներկայացող, սակայն գործնականում պետական իշխանության հետ փոխկապակցված անձինք և խմբեր։

Կարելի է այստեղ, որպես էմպիրիկ հիմք բերել բազմաթիվ փաստեր, կցել հղումներ, սակայն իմ խնդիրը ո’չ թե գիտական հոդված գրելն է, այլ խոսել Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին, որի մասին ո’չ միայն քիչ է այս օրերին խոսվում, այլև սրանից եկող հավանական վտանգները կարծես թե աչքաթող են արվում։

Իսկ նարատիվային պատերազմի նպատակը որպես կանոն ապագա գործողությունների շուրջ տեղական և միջազգային հանրության լոյալություն ձևավորելն է, ինչը և փորձում են անել Ադրբեջանի իշխանությունները։

Քաղաքագետ՝ Արա Պողոսյան