Երկիր մոլորակի համար վաղ կսկսվի աստղագիտական աշունը

Երկիր մոլորակի համար վաղ կսկսվի աստղագիտական աշունը, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04։05-ին, Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային։ Այդ պահը Հյուսիսային կիսագնդում կնշանավորի աստղագիտական աշնան, իսկ Հարավայինում՝ գարնան սկիզբը։ «Գիշերահավասար» անվանումն ինքնին կարող է մոլորեցնող լինել, քանի որ այն լիովին ճշգրիտ չի նկարագրում երևույթը։ Մթնոլորտը բեկում է արևի լույսը(ռեֆրակցիա), ինչի հետևանքով Արևը մի փոքր տեսանելի է դառնում մինչև իր իրական ծագելը և մի փոքր՝ մայր մտնելուց հետո։ Սա ցերեկը փոքր ինչ ավելի երկար է դարձնում, քան գիշերը։ Գիշերահավասարի օրը ցերեկային լույսի տևողությունը հասարակածում մոտավորապես 12 ժամ 6 րոպե է, 30° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 8 րոպե, իսկ 60° լայնության դեպքում՝ մոտավորապես 12 ժամ 16 րոպե։

Աշունը Հյուսիսային կիսագնդում կտևի մինչև դեկտեմբերի 22՝ ձմեռային արևադարձ, որը համարվում է տարվա ամենակարճ ցերեկը: Դրանից հետո օրերը աստիճանաբար կսկսեն երկարել, և հաջորդ գիշերահավասարով կնշանավորի գարնան գալուստը՝ 2027 թվականի մարտի 21-ին:

Հետաքրքիր է, որ Հյուսիսային կիսագնդում աշունն ու ձմեռը միասին մոտ մեկ շաբաթով ավելի կարճ են, քան Հարավային կիսագնդում։ Գարնանային գիշերահավասարից մինչև աշնանային գիշերահավասարն ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 186 օր, իսկ աշնանայինից մինչև գարնանայինը՝ մոտ 179 օր։ Պատճառն այն է, որ Հյուսիսային կիսագնդի ձմռան ընթացքում Երկիրն Արեգակի շուրջ իր ուղեծրով շարժվում է ավելի արագ, քան Հարավային կիսագնդի ձմռան ընթացքում։

Դեռ հնուց մարդիկ ուշադիր հետևել են այս օրվա եղանակին։ Համարվել է, որ բնությունը հուշում է՝ ինչպիսին կլինի մոտակա ձմեռը և հաջորդ տարվա բերքը։ Աշնանային գիշերահավասարի հետ կապված որոշ ժողովրդական նշաններ պահպանվել են մինչև մեր օրերը։

Ըստ ժողովրդական նշանների՝

Տաք և անամպ եղանակը խոստանում է ուշ սկսվող ու մեղմ ձմեռ՝ առանց ուժեղ սառնամանիքների։

Եթե այդ օրը անձրև է տեղում, աշունը կլինի խոնավ ու երկարատև, իսկ ձմեռը՝ ձյունառատ։

Գետնին թափված տերևների առատությունը ցուրտ ձմռան նշան է։

Եթե տերևները դեռ մնում են ճյուղերին, ձմեռը շուտ չի գա։

Բարձր թռչող թռչունները տաք աշուն են հուշում, իսկ գետնին մոտ թռչողները՝ մոտալուտ ցրտահարություններ։

Գիշերահավասարի օրը որոտը հազվադեպ նշան է համարվել է, որ այն տաք ու երկար աշուն է կանխագուշակում։

Այդ օրվա հարավային քամին խոստանում է ձմռանը առատ ձնածածկույթ, իսկ հյուսիսայինը՝ սաստիկ սառնամանիքներ։

Եթե առավոտյան մառախուղն արագ բարձրանում և մինչև կեսօր ցրվում է, հոկտեմբերը կլինի պարզ ու չոր։

Կեչու վաղաժամ տերևաթափը վաղ ձմռան նշան է, իսկ եթե կեչին տերևները կորցնում է կաղնուց ուշ, ձմեռը մեղմ կլինի։

Կաղնու և արոսենու պտուղների առատ բերքը համարվում է խիստ ու երկարատև ձմռան նշան։

Եթե մրջյունները փակում են մրջնանոցների մուտքերը և ձվերը տեղափոխում ավելի խորը, սպասվում են վաղ ցրտեր։