2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ․ բժիշկները փրկել են կյանքը
Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի, իսկ հետո արդեն Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 2-ամյա տղայի կյանքը։
Այդ օրը հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայան ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»։
Բավականին օպերատիվ շտապօգնության բժիշկները հասել են կանչի վայր, որտեղ նախ երեխային անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան տղա է, անունը Նարեկ, որի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, և դեպքի մասին արդեն ոստիկանությունում բացատրություն է տվել երեխայի 34-ամյա մայրը։

