Ապահովագրավճարների չվճարման մեծաթիվ դեպքեր են գրանցվում. ԱՆ-ն ստիպված է գնալ օրենքի փոփոխությունների
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կիրակման ընթացքում լուրջ խնդիրներ ու բացեր են ի հայտ եկել։ Առողջապահության նախարարությունը ստիպված է փոփոխություններ կատարել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում։ Նախագիծն արդեն պատրաստ է ու դրված է հանրային քննարկման։
Խնդիրներից մեկն էլ այն է, որ համակարգում ընդգրկված, ապա աշխատանքից ազատվածների, գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողների ու այլ խմբերի շրջանակում արձանագրվում են ապահովագրավճարների չվճարման մեծաթիվ դեպքեր։
Հիշեցնենք, որ մինչև ԱՀԱ համակարգում ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա շրջափուլի ավարտը, այդ անձինք շարունակելու են ունենալ ապահովագրված անձի կարգավիճակ և օգտվել դրանից բխող բոլոր իրավունքներից։
Դրանց պարագայում դրամական պահանջների վճարման գործընթացը դատական ընթացակարգերով իրականացնելը ԱՀԱ հիմնադրամի համար չափազանց ժամանակատար և ծախսատար կլինի, լրացուցիչ կծանրաբեռնի դատարաններին և չի ապահովվի ապահովագրավճարների չվճարված մասի ապահովման արդյունավետ գործընթացը, այդ մասով ռիսկային դարձնելով ԱՀԱ բյուջեն, միևնույն ժամանակ ԱՀԱ հիմնադրամի մարդկային ռեսուրսների ներկայիս պայմաններում հնարավոր չէ նման մեծաթիվ դատական գործերի արդյունավետ վարումը։
Չվճարված ապահովագրավճարների կատարումն ապահովելու համար մի շարք փոփոխություններ են առաջարկվում։ Ըստ նախագծի, հստակեցվելու են ապահովագրված անձի կարգավիճակի դադարեցման և ապահովագրավճարի վճարման պարտավորությունների հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով անձանց տարբեր կարգավիճակները և ապահովագրավճարի վճարման պարտավորության առաջացման ու դադարման հանգամանքները։
«Առանձնակի կարգավորման են ենթարկվում այն դեպքերը, երբ ապահովագրավճարի գծով պարտավորություն ունեցող անձը չի կատարում օրենքով նախատեսված պարտավորությունը։ Նախատեսվում է Հիմնադրամի կողմից համապատասխան վարույթի նախաձեռնում, պարտավորության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկության ներկայացման հնարավորություն, պարտավորեցնող որոշման ընդունում և այդ որոշման բողոքարկման ընթացակարգ»,-նշված է օրինագծում։

