Մաշկի առողջություն․ որքան հաճախ պետք է լվանալ դեմքը
«Մաշկի առողջության պահպանման համար` լվացե՛ք դեմքը օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան», – ահա այսպիսի խորհուրդ են տալիս մասնագետները:
Մաշկի խնամքով զբաղվողների շրջանում ամենաթեժ քննարկումներից մեկը վերաբերում է նրան, թե որքան հաճախ պետք է լվանալ դեմքը։ Ոմանք կարծում են, որ բավական է օրական մեկ անգամ, մինչդեռ մյուսները պնդում են, որ ճիշտ տարբերակը օրական երկու կամ երեք անգամ լվանալն է։ Ո՞րն է, ուրեմն, իդեալական տարբերակը։
Հոդվածի հեղինակը զրուցել է մաշկի խնամքի ոլորտի երեք մասնագետի՝ այդ թվում երկու մաշկաբանի և մեկ էսթետիստի հետ՝ դեմքի լվացման վերաբերյալ խորհուրդներ ստանալու նպատակով, և նրանք բոլորը միակարծիք էին հաճախականության հարցում։
Դեմքի լվացումը չափազանց կարևոր է մաշկի առողջությունը պահպանելու համար։ Այն օգնում է հեռացնել կեղտը, ճարպը, քրտինքը, դիմահարդարումը և այլ աղտոտիչներ, որոնց հետ առնչվում ենք օրվա ընթացքում, բացատրում է մաշկաբան և մաշկաբանական վիրաբույժ Լորեն Մոյը, ով ունի երկակի մասնագիտական հավաստագրում։ Նա հավելում է, որ դեմքի կանոնավոր և ճիշտ մաքրումը նաև բարձրացնում է մաշկի խնամքի այլ միջոցների արդյունավետությունը։
«Դեմքը չլվանալը հանգեցնում է կեղտի, ճարպի և մաշկի մեռած բջիջների կուտակման, ինչը կարող է ակնեի և ցանավորման պատճառ դառնալ», – ասում է դոկտոր Մոյը։ «Այս կուտակումը կարող է նաև մաշկին հաղորդել անփայլ և անհարթ տեսք, ինչպես նաև առաջացնել գրգռվածություն կամ բորբոքում, հատկապես եթե դեմքին մնում են քրտինքն ու դիմահարդարումը»։
Եթե բավարար չափով չեք լվացվում, կարող եք բախվել որոշակի խնդիրների։ Սակայն չափից շատ լվացվելը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել։ Կոսմետոլոգ-բուժքույր և «Med 44 Arcadia»-ի հիմնադիր Հոլի Մյուլլերն ասում է, որ չափից ավելի մաքրումը կարող է զրկել մաշկը բնական յուղերից՝ հանգեցնելով չորության, գրգռվածության կամ զգայունության աճի։
Մաշկի խնամքի հարցերով զրուցակից երեք մասնագետները միակարծիք էին, որ մարդկանց մեծ մասի համար օգտակար է օրական երկու անգամ՝ թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան, լվանալ դեմքը։
«Առավոտյան լվացվելը հեռացնում է քրտինքը, ճարպը և քնելուց առաջ քսված միջոցների՝ կուտակված շերտը (ներառյալ՝ քսուքները, շիճուկները և մազերի խնամքի այն միջոցները, որոնք տարածվել են դեմքի վրա) և նախապատրաստում է մաշկը առավոտյան խնամքի ընթացակարգին՝ հնարավորություն տալով հակաօքսիդանտներին և արևապաշտպան միջոցներին ավելի լավ ներծծվել կամ նստել մաշկի վրա», — բացատրում է Montefiore Einstein Advanced Care-ի կոսմետիկ մաշկաբանության բաժնի տնօրեն, բժիշկ Քսենիա Կոբեցը:
Նա հավելում է, որ երեկոյան դեմքը լվանալը մաքրում է օրվա ընթացքում կուտակված քրտինքը, կեղտը և շրջակա միջավայրի աղտոտիչները, ինչպես նաև քսուքների, շիճուկների և տվյալ օրը օգտագործված դիմահարդարման միջոցների շերտերը։ Բացի այդ, դա նպաստում է մաշկի խնամքի գիշերային միջոցների ավելի արդյունավետ ազդեցությանը։
Դեմքը լվանալու հաճախականությունը մնում է նույնը՝ անկախ ձեր մաշկի տեսակից` նույնիսկ եթե ունեք չոր կամ զգայուն մաշկ։ Միակ փոփոխությունը, որը պետք է կատարեք (ըստ մասնագետների), վերաբերում է մաքրող միջոցի տեսակին։
Ըստ բժիշկ Կոբեցի՝ զգայուն, գրգռված կամ չոր մաշկ ունեցողները պետք է առավոտյան և երեկոյան օգտագործեն խոնավեցնող բաղադրիչներ պարունակող, շատ մեղմ ազդեցությամբ մաքրող միջոց։ Պետք է ընտրել կրեմային կամ յուղային հիմքով միջոցներ, ինչպես նաև այնպիսի պրոդուկտներ, որոնք պարունակում են խոնավությունը պահպանող նյութեր (հումեկտանտներ), օրինակ՝ գլիցերին, հիալուրոնաթթու և նիացինամիդ։
«Հաճախ եմ լսում, որ մարդիկ առավոտյան, երեկոյան կամ օրվա ընթացքում երկու անգամ էլ դեմքը լվանալու համար օգտագործում են միայն ջուր՝ կարծելով, թե մաքրող միջոցները չափազանց չորացնում են մաշկը։ Խնդիրն այն է, որ ջուրը կարող է չհեռացնել մաշկի վրա կուտակված կեղտի շերտերը, շրջակա միջավայրի աղտոտիչներն ու սեզոնային ալերգենները», – ասում է դոկտոր Կոբեցը, – «Դա կարող է հանգեցնել ծակոտիների խցանման, ակնեի սրման և ալերգիկ ռեակցիաների ակտիվացման»։
Ակնեի հակում ունեցող մաշկի դեպքում անհրաժեշտ է օրական երկու անգամ լվանալ դեմքը՝ օգտագործելով մեղմ ազդեցությամբ գել կամ ջրային հիմքով մաքրող միջոց, որը պարունակում է ոչ կոմեդոգեն բաղադրիչներ։ Մյուլլերի խոսքով՝ միակ բացառությունը հաճախակի մարզվելն է։ Այդ դեպքում կարող եք լվանալ դեմքը մարզումից հետո՝ քրտինքը, բակտերիաներն ու ավելորդ ճարպը հեռացնելու համար։ Որպես այլընտրանք՝ կարող եք օգտագործել միցելյար ջուր և փափուկ կտոր՝ քրտինքն ու կեղտը մաքրելու նպատակով։ Դրանից հետո միշտ օգտագործեք թեթև խոնավեցնող միջոց։
Յուղոտ մաշկ ունեցողներին կարող է թվալ, թե պետք է ավելի հաճախ լվանալ դեմքը, սակայն մի՛ տրվեք այդ պատրանքին։ Դեմքը չափից հաճախ լվանալը կամ կոպիտ ու մաշկը չորացնող մաքրող միջոցներ օգտագործելը կարող է իրականում վատթարացնել իրավիճակը։
«Չափից ավելի հաճախակի լվացվելը կարող է զրկել մաշկը բնական յուղերից՝ առաջացնելով չորություն, գրգռվածություն», — նշում է դոկտոր Մոյը։ «Դա կարող է ավելի շատ ճարպի արտադրության ավելացման հանգեցնել, քանի որ փորձում է փոխհատուցել կորուստը, ինչն էլ իր հերթին կարող է առաջացնել ցան, գրգռվածություն և զգայունություն»:
Եթե մաշկը չոր է ու ձգվածության զգացում ունի, սակայն միաժամանակ ծածկված է յուղոտ շերտով, ապա դա հստակ նշան է, որ չափից շատ եք լվանում այն։ Վերադարձեք օրական երկու անգամ լվացվելու ռեժիմին և օգտագործեք մեղմ ազդեցությամբ ու խոնավեցնող հատկությամբ մաքրող միջոցներ, որոնք պարունակում են ոչ կոմեդոգեն բաղադրիչներ։
Այսպիսով` չոր կամ զգայուն մաշկ ունեցողները պետք է նախապատվությունը տան մեղմ ազդեցությամբ խոնավեցնող մաքրող միջոցներին՝ մաշկի բնական հավասարակշռությունը պահպանելու համար։
Անհրաժեշտ է խուսափել չափից հաճախ լվացվելուց՝ գրգռվածությունից և ճարպարտադրության խանգարումից խուսափելու համար, նույնիսկ եթե ունեք յուղոտ կամ ակնեի հակում ունեցող մաշկ. կարևորը կանոնավորությունն
Աղբյուրը՝ «Հերացի» վերլուծական

