Չինաստանը հերքել է ամերիկյան ռազմաբազային հարվածելու գործում Իրանին օգնելու մեղադրանքները

Չինաստանը հերքել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազային իրանական հարվածի նախապատրաստման գործում չինական ընկերությունների մասնակցության մասին լուրերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Ճեպազրույցի ժամանակ դիվանագետին խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ հուլիսին տեղի ունեցած հարձակումից առաջ Իրանն իբր չինական ընկերություններից ստացել էր ամերիկյան բազայի արբանյակային լուսանկարները:

Գո Ցզյակունն այդ մեղադրանքներն անհիմն է անվանել և ընդգծել, որ Պեկինը անշեղորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները:

«Որպես պատասխանատու խոշոր տերություն՝ Չինաստանը միշտ անշեղ կատարում է իր միջազգային պարտավորությունները։ Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ապացույցներով չհիմնավորվող կասկածների և մեղադրանքների դեմ», – հայտարարել է նա։

Խոսքը հուլիսի 17-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող Մուվաֆակ-Սալթի ավիաբազայի վրա հարձակման մասին է, որի վրա իրանական բալիստիկ հրթիռների հարվածի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, ևս չորսը վիրավորվել էին:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ հարձակումից առաջ և հետո Իրանը չինական ընկերություններից ստացել է բարձր հստակության արբանյակային լուսանկարներ: Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները չէին նշել այն ընկերությունները, որոնք ենթադրաբար փոխանցել են պատկերները, և չէին պնդել, որ Չինաստանի իշխանություններն անմիջականորեն մասնակցել են հարվածի նախապատրաստմանը:

Թերթի տվյալներով՝ ամերիկյան իշխանություններն այդ հարցը բարձրացրել են Պեկինի հետ շփումներում։ Չինական կողմը հերքել է մեղադրանքները և պահանջել ապացույցներ ներկայացնել: