ՀՀ ՄԻՊ, եկե՛ք Բաքու. իմացած եղեք՝ դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր. Դավիթ Իշխանյանը Բաքվից (ձայնագրություն)

Բաքվի բանտում գերեվարված Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հրավիրել է Բաքու: Նա ձայնագրություն է հրապարակել:

«Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության ձեր գործընկերուհին էլ հավանաբար ձեզ կուղեկցի և դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասել է նա։

Հայաստանի Հանրապետության իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետևյալն է։

Պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, «ծագումով հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» մեղադրական ակտ ու եզրակացություն կոչված փաստաթղթերը, դատավճիռները և ինքներդ քննարկեք՝ կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադարձող հարցեր:

Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։

Իմացա՛ծ եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանի խոսքը ադրբեջանական բանտից: