Լարակ կղզու վրա հարձակումից հետո Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել միջամտել

Իրանական Լարակ կղզու վրա ամերիկյան զինուժի երեկվա հարվածներից հետո պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է միջամտել իրավիճակին և պահանջել, որ ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամհոսեյն Դարզին հայտնել է, որ Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են զինվորներ և քաղաքացիական անձինք, իսկ Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին Թեհրանի հարվածներն ինքնապաշտպանության ակտ էին:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ ուժերի հարվածի հետևանքով «ակնհայտորեն խախտվել է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», նաև վնասվել հանրային և մասնավոր սեփականություն:

Ղոլամհոսեյն Դարզին պնդել է, որ Իրանի դեմ պատերազմը հավասար է պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների, որոնց համար պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ն՝ հարձակման հրաման տվողների կամ իրականացնողների հետ միասին։

Նամակում Դարզին նշել է, որ Իրանը այս ողջ ընթացքում զսպվածություն է ցուցաբերել, սակայն իրանական ուժերը «չեն տատանվի» պատասխանել ցանկացած հետագա հարձակման՝ արդեն իսկ հարվածելով Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։

Իրանցի պաշտոնյան խնդրել է, որ նամակը շրջանառվի որպես պաշտոնական փաստաթուղթ։