ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե Չինաստանն իրոք Պակիստանի միջոցով զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ
Միացյալ Նահանգները շատ հիասթափված կլիներ, եթե Չինաստանն իրոք Պակիստանի միջոցով Իրանին մատակարարեր զենիթային դյուրակիր հրթիռային համակարգեր (ԶԴՀՀ), ինչպես պնդում էր արևմտյան մամուլը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա զարմանք կառաջացներ: Ես նկատի ունեմ՝ նման բաներ լինում են: Բայց դա զարմանք կառաջացներ», – ասել է նա՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները Պակիստանի միջոցով Իրանին չինական ԶԴՀՀ-ների վաճառքի իբր առկա պլանների մասին:
«Նա ինձ շատ հաստատակամորեն ասաց, որ իրենք մասնակցություն չեն ունենալու Իրանին ռազմական օգնություն տրամադրելու գործում», – պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ նկատի ունենալով մայիսին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունները:
«Նա գիտի, որ ես բոլորովին հիասթափված կլինեի», – հավելել է ԱՄՆ առաջնորդը:
Հիշեցնենք, որ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել էր, որ Պեկինը Թեհրանին չի մատակարարում հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, հակառակ արևմտյան մամուլում առկա պնդումների:

