Իսրայելը մտադիր է 10 տարում հրաժարվել ԱՄՆ ռազմական օգնությունից և ստեղծել սեփական կործանիչ. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին հայտնել է առաջիկա տասնամյակում ամերիկյան ռազմական աջակցությունից լիովին հրաժարվելու երկրի մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հայտարարությունն արվել է երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր միջուկային գործարքը։ Սպառազինությունների արտադրությունն ինքնուրույն կազմակերպելը Իսրայելը դիտարկում է որպես Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու և անվտանգության ոլորտում գործելու ազատությունը պահպանելու միջոց։

Այս ռազմավարության շրջանակում իսրայելական պաշտպանական արդյունաբերությանը հանձնարարվել է 10 տարվա ընթացքում ստեղծել սեփական ժամանակակից կործանիչ։ Այդ նախագիծը պետք է ծառայի որպես երաշխիք՝ ամերիկյան F-35 ինքնաթիռների և այլ առաջատար ռազմական տեխնիկայի մատակարարումների հնարավոր դադարեցման դեպքում։