Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ: Մասնավորապես՝ հունիսին արդյունաբերության ամսական աճը դանդաղել է մինչև 4.0%, իսկ հունվար–մայիսի կառուցվածքային տվյալներով աճը շարունակել է կենտրոնացած մնալ հանքարդյունաբերության և մի քանի առանձին ենթաճյուղերի վրա։
  • Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում՝ տնտեսական ակտիվության աճին հակազդելով շուրջ 1.1 տոկոսային կետով։ Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները. պատճառահետևանքային կապը հնարավոր կլինի գնահատել մանրամասն ոլորտային և արտաքին առևտրի տվյալների հրապարակումից հետո։ Եթե այս կապը հաստատվի, և սահմանափակումները պահպանվեն, բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև սննդի վերամշակման, տրանսպորտի, առևտրի և հարակից ծառայությունների վրա։
  • Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է և շարունակում է մնալ անկայուն։ Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, և կուտակային անկումը խորացել է մինչև 6.7%, մինչդեռ ներմուծումն աճել է 8.6%-ով, իսկ կուտակային աճը հասել է 4.0%-ի։ Այս հակադիր դինամիկան մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ռիսկերը: ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքի և դրանց կատարման վերաբերյալ մտահոգություններն ավելի են ընդգծվել։ Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով՝ ձևավորելով 67.3 մլրդ դրամ հավելուրդ։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով, իսկ դրանց թերակատարումը կազմել է 146.4 մլրդ դրամ կամ կիսամյակի պլանի 40.8%-ը։ Նախատեսված 316.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրված հավելուրդի հետևանքով պլանային և փաստացի հաշվեկշիռների շեղումը հասել է 383.7 մլրդ դրամի։ Հետևաբար հավելուրդը մեծապես արտացոլում է հատկապես կապիտալ ծրագրերի թերակատարումը և ինքնին վկայում է իրականացվող ծախսերի անարդյունավետ քաղաքականության մասին։
    • Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն։ Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3±1% թիրախային միջակայքը։ Միաժամանակ, ավանդների և վարկերի տարեկան աճերը կազմել են համապատասխանաբար 20.6% և 24.4%։ Վարկավորման բարձր աճը մի կողմից աջակցում է տնտեսական ակտիվությանը և ներքին պահանջարկին, մյուս կողմից կարող է պահպանել գնաճային ճնշումները և մեծացնել վարկերի որակի ու տնային տնտեսությունների պարտքային բեռի հետ կապված ռիսկերը

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ