Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ իսպանացի պատգամավոր
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում։
Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը ապագայում դիմի Եվրամիության անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմանները, Բրյուսելը պետք է ըստ էության գնահատի այդ դիմումը։
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում քաղաքական գործիչն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող մի շարք հացերի՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, քանի որ Եվրոպային մերձենալը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, բայց նաև լարվածություն առաջացնել մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։
-Պարոն Ինյարիտու, ըստ Ձեզ՝ վերջին շրջանում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս կգնահատեք այդ հարաբերությունների ներկա մակարդակը։
Հաշվի առնելով եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ձեռնարկված նախաձեռնությունները, բնական է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ։
Մենք պետք է նաև հիշենք Հայաստանի երկարատև պատմական և մշակութային կապերը Եվրոպայի հետ, ինչպես նաև հայկական սփյուռքի կարևոր դերը Եվրամիության անդամ շատ պետություններում։ Այս համայնքները հաճախ կամուրջ են հանդիսացել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Վերջնարդյունքում, այս հարաբերությունների ապագան պետք է որոշի հայ ժողովուրդը։ Եթե վերջինս որոշի ավելի մոտենալ Եվրամիությանն, այդ ընտրությունը պետք է հարգվի։ Եթե ապագայում Հայաստանը պաշտոնապես դիմի անդամակցության համար և կատարի անհրաժեշտ պայմաններն, ապա Եվրամիությունը պետք է գնահատի այդ դիմումը ըստ էության, ինչպես ցանկացած այլ թեկնածու երկրի։
-Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին այցելեց Հայաստան և Ադրբեջան: Որքանո՞վ է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը խորհրդանշական և որքանո՞վ ունի գործնական նշանակություն, ի՞նչ կարող է այն տալ երկկողմ հարաբերություններին:
Կարծում եմ՝ այդ այցն, առաջին հերթին, նպատակ ուներ վերահաստատել Եվրոպական հանձնաժողովի հանձնառությունը Հարավային Կովկասում կայունության, երկխոսության և երկարատև խաղաղության նկատմամբ։ Այցի նշանակությունը և՛ խորհրդանշական էր, և՛ գործնական։ Այն հստակ ուղերձ հղեց, որ Եվրոպական միությունը մտադիր է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն՝ խորացնելու քաղաքական երկխոսությունը, խրախուսելու տարածաշրջանային համագործակցությունը և ուսումնասիրելու Հայաստանի հետ տնտեսական, ինստիտուցիոնալ և դիվանագիտական համագործակցության նոր ոլորտներ։
Մենք նմանատիպ ուղերձներ ենք լսել նաև այլ եվրոպացի առաջնորդներից։
Կա նաև եվրոպական լայն կոնսենսուս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության պայմանագիրը կարևոր է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար։
–Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանի եվրոպական ուղղության ակտիվացումը փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։
Հայաստանի կողմից ավելի ուժեղ եվրոպական կողմնորոշումը կարող է նպաստել Հարավային Կովկասում քաղաքական և տնտեսական ազդեցության աստիճանական դիվերսիֆիկացմանը: Ավանդաբար, տարածաշրջանը մեծապես ձևավորվել է Ռուսաստանի կողմից, Թուրքիան և Իրանը նույնպես կարևոր դեր են խաղացել: Ավելի մեծ եվրոպական ներգրավվածությունը կբերի լրացուցիչ գործընկեր, որը կարող է աջակցել ինստիտուցիոնալ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային կապակցվածությանը և դիվանագիտական երկխոսությանը։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պետք է կառավարվի մեծ զգուշությամբ:
Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերությունները կարող են Երևանի համար ապահովել ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն, բայց դա կարող է նաև լարվածություն առաջացնել այլ տարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Ռուսաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք Ուկրաինայից քաղված դասերի մասին: Հետևաբար, տարածաշրջանային հավասարակշռության վրա վերջնական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք Հայաստանի եվրոպական մերձեցումը կընկալվի որպես համագործակցային գործընթաց, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ ոչ թե որպես ավելի լայն աշխարհաքաղաքական դիմակայության մաս:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը հաջողությամբ պահպանի իր բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ և պահպանելով համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։
Անկեղծ ասած, կարծում եմ, որ սա չափազանց դժվար կլինի։ Ռուսաստանն ավանդաբար Հարավային Կովկասը համարել է իր ազդեցության գոտու մի մասը, և այնպիսի երկրների, օրինակ՝ Վրաստանի, Արևմուտքին մոտենալու նախկին փորձերը լուրջ հետևանքներ են ունեցել։
Ուկրաինայի պատերազմն այս աշխարհաքաղաքական լարվածությունն ավելի ակնհայտ է դարձրել։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը նմանատիպ ճնշման ենթարկվել։ Մենք չենք կարող անտեսել Ուկրաինայից քաղված դասերը, ինչպես նաև մոռանալ, որ Հայաստանն արդեն շատ բարձր գին է վճարել Արցախում։ Եվրամիությունը ՆԱՏՕ չէ, և Բրյուսելի հետ ավելի սերտ հարաբերությունները չպետք է ավտոմատ կերպով մեկնաբանվեն որպես ռազմական կամ անվտանգության վերադասավորում։
Այնուամենայնիվ, մենք պետք է նաև հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական անդամ է և տարածաշրջանային խոշոր դերակատար, ինչը անխուսափելիորեն բարդացնում է Հայաստանի ռազմավարական ընտրությունները։
Այնուամենայնիվ, ես վախենում եմ, որ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը դրականորեն չի նայի Հայաստանի վճռական տեղաշարժին դեպի Եվրոպա։ Հայաստանը չի կարող փոխել իր աշխարհագրական դիրքը և պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ, այն ինքնիշխան պետություն է և պետք է ազատ լինի՝ որոշելու իր ապագան։ Այս երկու սկզբունքները հակասական չեն, բայց հայ քաղաքական գործիչները պետք է մեծ զգուշությամբ գնահատեն բոլոր համապատասխան քաղաքական, տնտեսական և անվտանգության նկատառումները։
-Որքանո՞վ կարող են ԵՄ-ի կողմից հայտարարված տնտեսական աջակցության փաթեթներն ու առևտրային արտոնությունները փոխել Հայաստանի տնտեսական հնարավորությունները։
Ես կարծում եմ, որ այս միջոցառումները կարող են զգալի տնտեսական խթան ապահովել և արժեքավոր հնարավորություններ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար։ Դրանք կարող են նպաստել ներդրումներին, բարելավել եվրոպական շուկաների հասանելիությունը, աջակցել ենթակառուցվածքներին և ինստիտուցիոնալ արդիականացմանը, ինչպես նաև խրախուսել Հայաստանի տնտեսության նոր ոլորտների զարգացումը։
Ավելի լայն առումով, նման նախաձեռնությունները կարող են օգնել կառուցել երկարատև գործընկերություններ և հիմք դնել ապագա համատեղ նախագծերի համար։ Առավելությունները պարտադիր չէ, որ սահմանափակվեն միայն Հայաստանով, դրանք կարող են նաև նպաստել Հարավային Կովկասում ավելի բարգավաճմանը, կապին և կայունությանը՝ միաժամանակ ամրապնդելով ԵՄ տնտեսական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում։
Այս ամենի հետ մեկտեղ, մենք չպետք է անտեսենք այն փաստը, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը, և որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Սրանք կառուցվածքային իրողություններ են, որոնք չեն կարող անտեսվել, և Եվրամիության հետ ցանկացած հետագա մերձեցման դեպքում պետք է հաշվի առնել դրանք։

