Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը
Ուկրաինան թարմացրել է Ռուսաստանի խորքում հեռահար հարվածների առաջնահերթ թիրախների ցանկը։ Զինվորականների հետ հանդիպումից հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր մենք պայմանավորվել ենք շարունակել մեր գործողությունները և թարմացրել ենք առաջնահերթ թիրախների ցանկը՝ հաշվի առնելով Ռուսաստանի վրա իրական ազդեցություն գործադրելու և նրա՝ պատերազմը շարունակելու ու ձգձգելու կարողությունը։
Մեր գլխավոր նպատակն այն է, որ հեռահար հարվածների միջոցով գործադրվող ճնշումն ավելի ուժեղ դրդի Ռուսաստանին դիմել դիվանագիտական լուծումների։ Դրան պետք է նպաստեն զենքի, նավթի և այլ ոլորտների համար անհրաժեշտ բաղադրիչների արտադրության դժվարությունները, տնտեսական կորուստները, ինչպես նաև պատերազմի հետևանքների՝ հենց Ռուսաստանի տարածք տեղափոխվելը»,- ընդգծել է նախագահ Զելենսկին։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար հաստատել է «ազդեցության 40-օրյա գործողությունը» ՌԴ-ի վրա, որը նպատակ ունի հասնել «պատերազմի դադարեցմանը»: Դրան հաջորդել էին նավթավերամշակման գործարաններին հարվածների ուժեղացումը, այդ թվում՝ Ռուսաստանի խորքում, և Wildberries-ի պահեստների վրա հարձակումները։ Հուլիսի 10-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերում ստեղծել է «Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հրամանատարություն»։

