Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է ՌԴ մարզերը, հարձակվել Սոչիի եկեղեցու վրա. երեխա է վիրավորվել

Սոչիում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով 7 տարեկան աղջիկ է տուժել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ անօդաչուի բեկորներն ընկել են Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում։

Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ աղջիկը ոտքի թեթև վնասվածք է ստացել։

«Այսօր Սոչիում հարձակումը հետ մղելիս երեխա է տուժել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեբախտաբար վնասվածքը թեթև է, միայն ոտքն է քերծվել։ Անչափահաս երեխային ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ բուժօգնությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Կենտրոնական շրջանում գտնվող եկեղեցու տարածքում, տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ», – ասվում է քաղաքապետի Telegram–ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պրոշունինը հայտնել է նաև, որ Խոստինսկի շրջանում բեկորներ են ընկել, ինչի հետևանքով կայանված մեքենա է վնասվել։ Տուժածներ չկան։

Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկն էլ հայտնել է, որ այսօր Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են նաև Բրյանսկի մարզի երկու շրջաններ, վիրավորվել է 3 մարդ:

«Կլիմովսկի շրջանում վիրավորվել է 2 մարդ: Բնակիչներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել… Սուզեմկայում «Միրատորգ» գյուղատնտեսական հոլդինգի քարշակով բեռնատարը երկու անգամ հարձակման է ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով: Վարորդը հիվանդանոց է տեղափոխվել», – գրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը իր Telegram–ալիքում։

Կովալչուկը հավելել է, որ Սուզեմկայում բեռնատարը զգալի վնաս է կրել։

Եվս մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Խերսոնի մարզում: Մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 7 մարդ։

Մասնավորապես, նրա խոսքով, Վելիկիե Կոպանիում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1986 թվականին ծնված մի կին է զոհվել։