Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում որևէ կերպ չի ձերբակալվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Բենիամին Նեթանյահուն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում որևէ կերպ, որևէ ձևով չի ձերբակալվի։ Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը պնդել է, որ Իրանի իշխանությունները վերջերս սպանել են 52 հազար անմեղ ցուցարարի, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել ամերիկացի զինծառայողների և այլ անձանց մահվան համար։

Նրա խոսքով՝ ձերբակալության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր Իրանին հասցրել են մահվան և ավերածությունների աննախադեպ շրջապտույտի։

Թրամփի հայտարարությունը հաջորդել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի խոսքերին։ Մամդանին հայտարարել է, որ քաղաքի իրավաբանական վարչության հետ ուսումնասիրում է Նեթանյահուին ձերբակալելու իրավական հնարավորությունը, եթե Իսրայելի վարչապետը սեպտեմբերին Նյու Յորք ժամանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։ Նա միաժամանակ նշել էր, որ գործելու է ԱՄՆ-ի և Նյու Յորքի օրենսդրության շրջանակում։

Միջազգային քրեական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 21-ին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման հրաման է արձակել՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների առնչությամբ։ Նեթանյահուն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Իսրայելը մերժում է դատարանի իրավասությունն ու ներկայացված մեղադրանքները։