Հունաստանում սկսվել է տապի առաջին ալիքը
Հունաստանում սկսվել է տապի առաջին ալիքը. hուլիսի 20-ին երկրում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճան Ցելսիուսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Իշխանությունները խորհուրդ են տվել մարդկանց մնալ տանը և խուսափել բացօթյա աշխատանքներից ժամը 11:00-17:00-ը: Բնակիչներին խորհուրդ է տրվել նաև այդ ժամերին աղբը տանը պահել՝ առողջական նկատառումներից ելնելով։
Իշխանությունները բնակիչների համար հասանելի են դարձրել օդորակիչներով հագեցած կենտրոններ՝ շոգից խուսափելու համար, նաև բժշկական խորհրդատվության համար բաց է 24-ժամյա շտապօգնության գիծ։
Հրշեջ ծառայությունը հանրությանը հորդորել է չկատարել հրդեհ առաջացնող գործողություններ։
Հունաստանին մինչ օրս արևմտյան Եվրոպայում ծավալվող տապի ալիքը շրջանցել էր, բայց երկրում ամեն օր անտառային հրդեհներ են բռնկվել ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով։ Մտահոգություններ են առաջացել նաև ջրի պակասի վերաբերյալ՝ նախորդ տարիների երաշտի պատճառով։
Ըստ օդերևութաբանների՝ բարձր ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա երեք օրը։

