ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին պարեկություն է իրականացնում Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ
ՆԱՏՕ-ի Bombardier Challenger 650 Artemis II հետախուզական և թիրախների նշման ինքնաթիռը կրկին նկատվել է Սև ծովի չեզոք ջրերի վրա, որտեղ այն շարժվում է արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։
«Ինքնաթիռը շարժվում է ծովի հարավային հատվածում՝ արևմուտքից արևելք և հակառակ ուղղությամբ, չեզոք ջրերի վրայով՝ առանց մտնելու որևէ երկրի օդային տարածք»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ օդանավը թռիչք է կատարել Կոնստանցայի բազայից, որից հետո ռումինական և բուլղարական դիսպետչերների վերահսկողության տակ գտնվող օդային տարածքներով դուրս է եկել չեզոք ջրերի վրա։ «Bombardier Challenger 650 Artemis II-ը գտնվում է 9,7 կմ-ից փոքր-ինչ ավելի բարձրության վրա և շարժվում է քաղաքացիական ավիացիայի համար սահմանված երթուղիներից դուրս»,- պարզաբանել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ օրը հետախուզական ինքնաթիռը Սև ծովի արևմտյան մասում չեզոք ջրերի վրա անսովոր կարճ թռիչք էր կատարել, որը տևել էր մոտ 40 րոպե։ Դրանից հետո այն կրկին օդ էր բարձրացել և մի քանի անգամ անցել ծովի ջրատարածքի երկայնքով՝ արևմուտքից արևելք և հակառակը, այն նույն երթուղով, որով շարժվում է նաև հիմա։
Վերջին ամիսներին Bombardier Challenger 650 Artemis II-ը բազմիցս նկատվել է Սև ծովի հարավային մասում։ Բացի այդ, անցած ուրբաթ օրը, գրեթե երեք ամսվա ընթացքում առաջին անգամ, Սև ծովի վրա գրանցվել էր ՆԱՏՕ-ի RQ-4D Phoenix ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքի թռիչքը, որը ժամանել էր Սիցիլիայի Սիգոնելլա ռազմաբազայից։ Այն նույնպես մի քանի շրջան էր կատարել ջրատարածքի հարավային մասում՝ արևմուտքից արևելք ուղղությամբ։

