Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին

ԱՄՆ-ն Իրանի դեմ հարձակումների նոր ալիք է սկսել: Մերձավոր Արևելքում սկսվել է հակամարտության նոր փուլ, ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակում։ Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը և հայտարարել, որ ամերիկյան հարձակումները ի չիք են դարձրել վերջին շրջանի բոլոր դիվանագիտական ջանքերը:

«Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ քաղաքագետ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության և քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Շապովալովը ենթադրել է, որ էսկալացիայի նոր փուլը կլինի կարճ, բայց ոչ վերջինը։

 

ԱՄՆ-ը հնարավորություն չունի կրկնել հարձակման նախկին մասշտաբը

«Սկսվել է էսկալացիայի նոր փուլ,- նշել է Շապովալովը։- Այն ուղեկցվում է կողմերի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի նախագահի բավական կոշտ հայտարարություններով։ Սակայն ԱՄՆ-ը հնարավորություն չունի կրկնել հարձակման այն մասշտաբը, որը եղել է փետրվարի վերջից սկսած։ Ամենայն հավանականությամբ, էսկալացիայի այս ժամանակահատվածն այնքան երկար ու ինտենսիվ չի լինի, որքան նախորդը, և կուղեկցվի բանակցային գործընթացով»:

Այս կապակցությամբ նշենք, որ բանակցային գործընթացի վերսկսմանը մի փոքր դժվար է հավատալ, որովհետև Իրանը լիովին սպառել է ԱՄՆ-ի նկատմամբ իր վստահության, ինչպես նաև համբերության պաշարը, իսկ կրած լուրջ վնասները մշտապես դրդում են վրիժառության: Եթե Թեհրանը համաձայնի վերսկսել բանակցային գործընթացը, ապա միմիայն ճարահատյալ, մինչև հակամարտության նոր փուլ դադար առնելու, ինչպես ասում են, մի քիչ շունչ քաշելու համար, որպեսզի այդ ընթացքում հնարավորինս ամոքի ստացած վերքերը, համալրի զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի պաշարները:

 

Ըստ քաղաքագետի, ներկայիս էսկալացիան վերջինը չի լինի

«Ամենայն հավանականությամբ, սա էսկալացիայի վերջին փուլը չէ,- ասել է Շապովալովը։- Պատճառն այն է, որ Թրամփը գտնվում է այն ծուղակում, որն ինքն է ստեղծել։ Նա չի կարող այս հակամարտությունից դուրս գալ առանց հեղինակության կորստի, բայց միաժամանակ չի կարող շարունակել բարձր ինտենսիվության հակամարտությունը, քանի որ ԱՄՆ-ը պարզապես հնարավորություն չունի»:

Քաղաքագետի խոսքով՝ կողմերի միջև հարվածների փոխանակումը կարճատև է լինելու։

«Ամենայն հավանականությամբ, կլինի հարվածների կարճատև փոխանակում, որն, այնուամենայնիվ, կավարտվի կամ նոր բանակցային գործընթացով, կամ նրանով, որ կողմերը, առաջին հերթին ԱՄՆ-ը, կսպառեն ռազմական գործողությունների հնարավորությունները և կանցնեն հակամարտության ավելի լատենտ, թաքնված փուլի։ Հակամարտության տևողությունն այնքան մասշտաբային չի լինի, որքան նախորդ փուլում էր, և կսահմանափակվի մոտ մեկ-երկու շաբաթով»,- նշել է նա։

Ինչպես նշել է Շապովալովը, այս պահին ԱՄՆ-ը պարտվողական դիրքում է, սակայն խոսել Իրանի միանշանակ հաղթանակի մասին վաղաժամ է:

«Այժմ կարելի է խոսել Միացյալ Նահանգների պարտության մասին, որը չկարողացավ իրականացնել իր նպատակները,- ասել է քաղաքագետը:- Իրանը պաշտպանել է իր անկախությունը, ցուցադրել է իր ուժը և ուժեղացնում է իր դիրքերը տարածաշրջանում։ Հաղթանակի մասին խոսելը վաղաժամ է, քանի որ հակամարտությունն այսքանով չի ավարտվի, մեծ է հավանականությունը, որ այն կերկարաձգվի, և ԱՄՆ-ը կփորձի այս կամ այն կերպ ուղղակի ռազմական ագրեսիայով (նկատի ունի ցամաքային ներխուժումը.-Ա. Հ.) կամ ինչ-որ այլ կերպ, այնուամենայնիվ, վնաս հասցնել Իրանին»,- եզրափակել է նա։

Հիմա Շապովալովի արտահայտած հիմնական մտքերից երեքն առանձնացնելով, փորձենք վերլուծել, թե էլ ինչ արտահայտություն կարող է ունենալ ԱՄՆ-ի կողմից ինչ-որ այլ կերպ Իրանին վնաս հասցնելը:

Քանի որ «ԱՄՆ-ը հնարավորություն չունի կրկնել հարձակման այն մասշտաբը, որը եղել է փետրվարի վերջից սկսած», «Թրամփը գտնվում է այն ծուղակում, որն ինքն է ստեղծել։ Նա չի կարող այս հակամարտությունից դուրս գալ առանց հեղինակության կորստի, բայց միաժամանակ չի կարող շարունակել բարձր ինտենսիվության հակամարտությունը, քանի որ ԱՄՆ-ը պարզապես հնարավորություն չունի», «Ամենայն հավանականությամբ,… կողմերը, առաջին հերթին ԱՄՆ-ը, կսպառեն ռազմական գործողությունների հնարավորությունները… », ապա այս իրավիճակում մեծանում են Իրանին միջուկային մարտավարական զենքով հարվածելու կամ, ինչն ավելի հավանական է, սովորական սպառազինությամբ Բուշերի ատոմային էլեկտրակայանին հարվածելու, Իրանում Չեռնոբիլյան աղետից ավելի մեծ աղետ առաջացնելու հավանականությունն ու վտանգը:

Թրամփը, որը շատ ընդհանրություններ ունի իր խելագար պոռթկումներով հայտնի Հիտլերի հետ, կարող է գնալ այդ քայլին, որպեսզի իր հեղինակությունը փրկելու համար ապահովի ԱՄՆ-ի հաղթանակը:

 

Իրանը տեղի է տալիս, բայց հաղթում է

«Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը բացատրել է, թե հակամարտության սրման ներկայիս փուլում ում համար կլինի հաղթանակը:

«Սա շատ լուրջ քաղաքական հարված է ԱՄՆ-ին,- ասել է Կնուտովը։- Իրանցիներն ամերիկացիներին թույլ չեն տալիս ամրապնդել իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում, նրանք ստիպված են թաքնվել, ցրել իրենց զորքերը, զենքերը»:

Ռազմական փորձագետն ընդգծել է, որ այս պահին ԱՄՆ-ը, չնայած տեխնոլոգիական առավելություններին, պարտություն է կրել Մերձավոր Արևելքում:

«ԱՄՆ-ն, իհարկե, դեռ լուրջ ներուժ ունի, ընդհուպ մինչև մարտավարական միջուկային զենք, և պարզ է, որ դրա կիրառման դեպքում Իրանը կպարտվի, բայց այն գործողության մակարդակով, որը նախատեսել էր Վաշինգտոնը, ԱՄՆ-ն պարտություն կրեց,- հավաստել է Կնուտովը։- Իրանը պահպանում է ինքնուրույն դիրքորոշումը, ԱՄՆ-ին զիջումների չի գնում։ Ռազմական առումով Իրանը պարտվում է՝ կրելով շատ ավելի մեծ կորուստներ, քան ԱՄՆ-ը, բայց բարոյա- քաղաքական առումով հաղթում է»։

Ըստ հիշյալ հրապարակման, իրավիճակը՝ կապված Հորմուզի նեղուցի կրկնակի շրջափակման հետ, որը մի կողմից իրականացնում է Իրանը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, չի կարող անվերջ երկար տևել։ Այս դիմակայության արդյունքը կորոշի ոչ միայն ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, այլև համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունը, քանի որ Հորմուզի նեղուցով տեղափոխվում է նավթի համաշխարհային մատակարարումների մոտավորապես 20%-ը:

 

«Մինչև տարեվերջ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը հաստատ կպահպանվի». պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Փերենջիև

«Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Փերենջիևը կանխատեսել է, որ մինչև տարեվերջ իրավիճակը չի փոխվի, հակամարտությունը մեկ ուժեղանալով, մեկ թուլանալով, կշարունակվի:

«Դա տեղի կունենա այնքան ժամանակ, քանի դեռ հանդես չի եկել ընդդիմությունը, որը հենց փող կորցնողն է,- ասել է նա։- Ի վերջո, նրանք արդեն դեմ կլինեն և Սպիտակ տանը, և իսրայելական վերնախավին։ Այս պայքարը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ այս պատերազմը կդադարեցվի: Բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա շատ շուտով: Մինչև տարեվերջ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը հաստատ կպահպանվի։ Միգուցե հաջորդ տարի արդեն ավելի իրական շարժումներ լինեն դեպի խաղաղություն։ Դա ոչ այնքան Իրանի ճնշման, որքան ԱՄՆ-ի և Իսրայելի ներսում ընդդիմադիր ուժերի ճնշման տակ»:

Փերենջիևն ընդգծել է, որ ստեղծված պայմաններում Իրանին մնում է միայն պաշտպանվել և պատասխանել հարվածներին: Նրա խոսքով՝ ներկայիս էսկալացիան վերջնակետը չէ, այլ ընդամենը հերթական շրջափուլն է դիմակայության երկար շղթայում

Սա էլ է կարծիք, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք: Պատերազմի շուտ չավարտվելու վերաբերյալ Փերենջիևի կարծիքը համապատասխանում է ԱՄՆ-ում օրերս անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքին, որը ցույց է տվել ամերիկացիների իրական վերաբերմունքն Իրանի հետ պատերազմի նկատմամբ: «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , պարզվել է, որ հարցվածների 79%-ը սպասում է ձգձգվող հակամարտության:

 

Ամերիկացիներն ավելի և ավելի են հոգնում արտաքին հակամարտություններից և վախենում, որ պատերազմը կարող է վերաճել երկարատև դիմակայության

Հարցվածների միայն 18 տոկոսն է ասել, որ պատերազմը «կավարտվի բավականին արագ՝ մի քանի շաբաթվա ընթացքում»: Հարցումն անցկացվել է հուլիսի 10-12-ը, Դրան մասնակցել է 1019 մարդ: Մոտավոր սխալանքը կազմում է 4 տոկոսային կետ։

Ինչպես հետևում է «Reuters» գործակալության և «Ipsos» հետազոտական ընկերության հարցումից, հինգ ամերիկացիներից չորսը (79%) կարծում են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը շարունակական կլինի: Ընդ որում, մարտին նման կարծիք է հայտնել 65 տոկոսը, իսկ Իրանին հարվածների վերսկսումը ճիշտ համարողները կազմում են ընդամենը 37 տոկոս:

Չնայած Թրամփի հռետորաբանության խստացմանը, ԱՄՆ-ում հասարակական կարծիքը գնալով ավելի թերահավատ է դառնում Միացյալ Նահանգների հաղթանակի կամ արագ հաղթանակի նկատմամբ։ Ռազմական արշավին աջակցությունը նվազում է հակամարտության ձգձգված բնույթի և դրա տնտեսական հետևանքների մասին աճող մտավախությունների ֆոնին։ Ամերիկացիներն ավելի ու ավելի են վախենում, որ պատերազմը կարող է վերաճել երկարատև դիմակայության։

Պատերազմին աջակցության անկումը համընկնում է աշխարհում նավթի գների աճի և ԱՄՆ-ում բենզինի և այլ ապրանքների գնաճի հետ։ Շատ քաղաքացիներ տնտեսական դժվարությունները կապում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետ։ Վաշինգտոնում շարունակում են պնդել, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Թեհրանի վրա։

Հարցումները հոռետեսության աճ են արձանագրում, ինչպես նաև փաստում, որ ամերիկացիներն ավելի և ավելի են հոգնում արտաքին հակամարտություններից։  Սպիտակ տանը հայտարարում են, որ գործողությունը կշարունակվի մինչև նպատակների իրագործումը: Իրանն, իր հերթին, կոշտ պատասխան է խոստանում։ Կոնգրեսում ուժեղանում են ռազմական ռազմավարության վերաբերյալ բանավեճերը։

 

Արթուր Հովհաննիսյան