Լավագույն Ամերիկան կործանված ԱՄՆ-ն է, լավագույն ԱՄՆ նախագահը՝ չորս տախտակի մեջ գտնվողը (տեսանյութ)

Վերջին օրերին ԱՄՆ-ի զինվորականները մի շարք հզոր հարվածներ են հասցրել միմյանց: Արևմտյան ԶԼՄ-ներն անցյալ շաբաթավերջին հայտնեցին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել այս շաբաթ: Ըստ նրանց աղբյուրների տեղեկացման, հանդիպման վայրը կարող է դառնալ Շվեյցարիան։ Այս ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է բանակցություններին Իրանի խնդրանքով, սակայն միաժամանակ ընդգծել է, որ հրադադարի ռեժիմ այլևս չի լինի:

«Аргументы и факты»-ին տված մեկնաբանությամբ  քաղաքագետ, Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի քաղաքական վերլուծության և սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբիոնի դոցենտ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Փերենջիևը գնահատել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների հեռանկարները և իրավիճակի հետագա զարգացման կանխատեսում տվել:

«Ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես ինչ-որ բանակցություններ կլինեն Իրանին ԱՄՆ-ի հարվածների ֆոնին,- ասել է Փերենջիևը:- Դրանք շատ զգայուն հարվածներ էին, օրինակ՝ Բուշերի ուղղությամբ, որտեղ կառուցվում է ատոմակայանը։ Տեղեկություններ են ստացվել, որ հարվածներ են եղել նաև այն օբյեկտներին, որտեղ հարստացված ուրան է արտադրվել, և որ նույնիսկ ճառագայթումից զոհված իրանցի զինծառայող կա։ Հարց է առաջանում՝ ինչի շուրջ պայմանավորվել, երբ չեն էլ դադարում ռազմական գործողությունները»:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Իսրայելի՝ որպես հակամարտության հրահրողի դերի վրա.

«Մեծ դեր է խաղում Իսրայելը,- ասել է նա։- Իզուր չէ, որ հենց այնտեղից է գնացել այնպիսի հրահրող տեղեկատվություն, որ Իրանը նախապատրաստում է Թրամփի սպանությունը»:

Միևնույն ժամանակ, Փերենջիևը նշել է, որ ստեղծված իրավիճակը լիովին համապատասխանում է Սպիտակ տան (այսինքն՝ Թրամփի)՝ Մերձավոր Արևելքում պատերազմից փող աշխատելու վարկածին:

«Մյուս կողմից՝ շարունակվում է այս պատերազմից փող աշխատելու թեման,- ասել է քաղաքագետը:- Մի կողմից՝ ռմբակոծություններ են, մյուս կողմից՝ բանակցությունների մասին հայտարարություն։ Այդ ճոճանակների վրա հսկայական գումարներ են սարքվում»:

Փերենջիևի արտահայտած կարծիքը՝ «Ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես ինչ-որ բանակցություններ կլինեն Իրանին ԱՄՆ-ի հարվածների ֆոնին», շատ կարճ ժամանակ անց իր հաստատումը ստացավ իրանական «Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ, ըստ որի, Իրանը մտադիր չէ ամերիկյան կողմի հետ կապի մեջ մտնել մինչև նրա մոտեցման փոփոխությունը:

«Իրանը բանակցություններ չի պահանջել ԱՄՆ-ի հետ, ոչ մի բանակցություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի նահանջել իր դիրքերից»,- նշված է «Fars»-ի հրապարակման մեջ, որը հղում է կատարել պաշտոնական շրջանակներից իր աղբյուրներին:

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կրկնակի հարվածները և նավթի վաճառքի թույլատրագրի չեղարկումը ժամանակավոր հրադադարը դարձրել են անիրագործելի:

«Իրանի դեմ կրկնվող անօրինական հարձակումները, իրանական նավթի վաճառքի թույլատրագրի չեղարկման մասին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշման, Հորմուզի նեղուցով Իրանի կողմից սահմանված անցման կանոնների խախտման, ինչպես նաև Լիբանանին շարունակվող իսրայելական հարվածների հետ միասին, անարդյունավետ են դարձրել համաձայնագրի կարևոր և հիմնարար դրույթները»,-նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը, իր հերթին, հայտարարել է Իրանի հետ հրադադարի չեղարկման մասին և բանակցությունները ժամանակի կորուստ է անվանել: ԱՄՆ-ի առաջնորդն հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարն այլևս չի գործում: ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների վերսկսումից հետո Թրամփը հանդես է եկել Իրանի ղեկավարության հասցեին վերջին շրջանում ամենակոշտ ելույթներից մեկով, մի շարք կտրուկ հայտարարություններով: Նա Իրանի իշխանություններին անվանել է «հիվանդ մարդիկ» և «հասարակության թափթփուկներ», Իրանի իշխանություններին համեմատել է քաղցկեղային ուռուցքի հետ, որը, իր կարծիքով, անհրաժեշտ է վերացնել հանուն Մերձավոր Արևելքում կայունության, ինչպես նաև հայտարարել, որ այլևս իմաստ չի տեսնում բանակցություններում:

Ըստ «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդի, ԱՄՆ-ն Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցը բաց ճանաչել և երաշխավորել առևտրային նավերին հարվածներից հրաժարվելը:

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում էր դադարեցնել ռազմական հակամարտությունը։ Սակայն հուլիսի 7-ի երեկոյան և գիշերը, ինչպես նաև հաջորդած օրերին Միացյալ Նահանգները վերսկսել է Իրանին հարվածները։ Ինչպես հայտարարել է Թրամփը, ԱՄՆ-ի հարվածները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն են: Նա նախազգուշացրել էր նման իրավիճակի կրկնության դեպքում հարձակումների ուժեղացման մասին, ինչն էլ արդեն իրականություն է դարձել:

Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ռազմական ենթակառուցվածքներին։ Իրանի արտգործնախարարությունը Վաշինգտոնի ագրեսիան անվանել է ձեռք բերված պայմանավորվածությունների լուրջ խախտում: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Իրանը վերսկսեց հորմուզի նեղուցով անցնող որոշ նավերին ուղղված իր հարվածները: Ուզո՞ւմ էր հրաժարվել փոխըմբռնման մասին հուշագրի 5-րդ կետով իր ստանձնած այն պարտավորությունից, որ 60 օրվա ընթացքում ապահովելու է Պարսից ծոցի և Օմանի ծովի միջև ազատ և անվտանգ առևտրային նավարկություն, պատերա՞զմ էր ուզում: Իհարկե՛ ոչ:

Նույն հուշագրի 6-րդ կետի համաձայն, Իրանը և Օմանը կքննարկեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը և ծովային կարգավորումները՝ խորհրդակցելով տարածաշրջանային երկրների հետ և միջազգային իրավունքի համաձայն: Այսպիսով, ըստ էության, Իրանին և Օմանին տրված է Հորմուզի նեղուցի կառավարման իրավունք, մինչդեռ իրանական հարվածներին ենթարկված նավերն արհամարհել են Իրանի վերոնշյալ իրավունքը և չեն ենթարկվել համապատասխան ծովային երթուղով անցնելու իրանական կարգավարների պահանջներին, անտեսել նրանց նախազգուշացումները Նշվածը, սակայն, հուշագրով նախատեսվածի միակ խախտումը չէ:

Փոխըմբռնման մասին հուշագրի 1-ին կետով նախատեսված է անհապաղ և մշտական հրադադար Միացյալ Նահանգների, Իրանի և նրանց դաշնակիցների միջև բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ երկու կողմերն էլ կխուսափեն ապագա ռազմական գործողություններից և կերաշխավորեն Լիբանանի ինքնիշխանությունը, սակայն ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելը մինչ Հորմուզի նեղուցով անցնող նավերից մի քանիսին Իրանի հարվածները, խախտել է հուշագրի նշված կետը՝ հարվածներ հասցնելով Լիբանանի տարածքին, ինչպես նաև չվերացնելով Լիբանանի ինքնիշխանության խախտումը, ԱՄՆ-ն էլ, իր հերթին, չի կատարել Լիբանանի ինքնիշխանությունը երաշխավորելու իր պարտավորությունը:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ 

Շարունակելի