Ռուսաստանը և Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Նոյեմբերի 19-ին Մինսկում, ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլու հետ։ 

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, կողմերը բովանդակալից մտքերի փոխանակում են ունեցել երկկողմ փոխգործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Երկու պատվիրակությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել բելառուսական կողմին՝ ռուս-վրացական հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։