Երեկ Ոսկեպար գետում մահացած երիտասարդը Կողբ Յունայթեդի սան էր

Երեկ Ոսկեպար գետում մահացած երիտասարդը Կողբ Յունայթեդի սան էր։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ երեկ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Կողբ Յունայթեդի սան Գառնիկ Արտակի Ղուլիջանյանը։

Գառնիկը լավ դաստիարակված, ազնիվ ու բարի երիտասարդ էր, բոլորիս համար լավ ընկեր։ Նրա մարդկային արժեքները, ժպիտն ու բարությունը միշտ կմնան մեր հիշողության մեջ։

Կողբ Յունայթեդ ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում Գառնիկ Ղուլիջանյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր մտերիմներին։ Կիսում ենք ձեր ծանր վիշտը և մաղթում ուժ ու համբերություն բոլորիս այս անչափ դժվար օրերին։

Հիշատակդ վառ, Գառնիկ ջան, հանգչիր խաղաղությամբ։ Մեր հավերժ կարոտ հիշատակդ միշտ վառ կմնա մեր սրտերում»,-նշված է ակումբի ֆեյսբուքյան էջում։

Գառնիկը ընտանիքի ավագն է, ունի երկու քույր։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։

Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Ղ-ն է։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։