Ամռանն օձերն ակտիվանում են. ինչպես պաշտպանվել (տեսանյութ)
Ամառվա շոգ օրերին ակտիվանում են օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։
«Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են, ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։
Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։
Մասնագետի խոսքով, պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112 և փրկարարները կգան իրեն կտեղափխեն անվտանգ վայր։
Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։
«Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում․ ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է»,- նշում են ՆԳՆ-ից։

