Առողջության համար անվտանգ ալկոհոլի օգտագործման մակարդակ գոյություն չունի
Տասնամյակներ շարունակ հասարակության մեջ, զանգվածային լրատվամիջոցներում և նույնիսկ բժշկական շրջանակներում պահպանվում էր առողջության համար ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարության մասին կայուն միֆը։ Համարվում էր, որ ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինին կարող է պաշտպանել սիրտանոթային հիվանդություններից և նույնիսկ երկարացնել կյանքի տևողությունը։ Սակայն ժամանակակից գիտությունը արմատապես վերագնահատել է էթիլային սպիրտի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։
«Հերացի» վերլուծականի հաղորդմամբ, այսօր ԱՀԿ դիրքորոշումը հնչում է միանշանակ և առանց վերապահումների․ առողջության համար անվտանգ ալկոհոլի օգտագործման մակարդակ գոյություն չունի։ Առողջական ռիսկը սկսվում է ցանկացած ալկոհոլային խմիչքի առաջին իսկ կաթիլից, քանի որ վնասը պայմանավորված է ոչ թե խմիչքի տեսակով, այլ դրա մեջ պարունակվող էթանոլով՝ թունավոր, հոգեներգործուն և կախվածություն առաջացնող նյութով։
«Առողջ չափավոր խմողի» մասին միֆի հերքումը հնարավոր դարձավ նախորդ գիտական հետազոտությունների մեթոդաբանության մանրակրկիտ վերանայման շնորհիվ։
Կանադայի հոգեներգործուն նյութերի օգտագործման հետազոտությունների ինստիտուտի գիտնականները վերլուծել են 107 լոնգիտյուդային հետազոտությունների արդյունքներ, որոնք ընդգրկել են շուրջ 5 միլիոն մասնակից և արձանագրել ավելի քան 400.000 մահվան դեպք։ Պարզվել է, որ նախկին հետազոտություններում առկա էր համակարգային սխալ, որը հայտնի է «հիվանդ գինեսթափի» հիպոթեզ անվամբ։ Այդ հետազոտությունների մեծ մասում ալկոհոլ օգտագործող անձանց համեմատում էին ալկոհոլից հրաժարվածների հետ՝ հաշվի չառնելով, որ վերջիններիս զգալի մասը դադարեցրել կամ նվազեցրել էր ալկոհոլի օգտագործումը հենց առողջական արդեն առկա խնդիրների պատճառով։ Արդյունքում հսկիչ խմբում հայտնվում էին բազմաթիվ հիվանդ մարդիկ, ինչը արհեստականորեն վատթարացնում էր սթափամոլների առողջական միջին ցուցանիշները և չափավոր խմողներին ներկայացնում ավելի առողջ ֆոնի վրա։
Ավելի բարձր որակի հետազոտություններում, որտեղ կոհորտները ձևավորվել էին մինչև 55 տարեկան անձանցից, իսկ նախկին և էպիզոդիկ խմողները խստորեն բացառվել էին գինեսթափների խմբից, ալկոհոլի ցածր օգտագործում ունեցող անձանց (շաբաթական 1-2 խմիչք կամ օրական 1.3-25 գ էթանոլ) մահացության հարաբերական ռիսկը հավասար էր մեկի, ինչը նշանակում է առողջության համար որևէ առավելության լիակատար բացակայություն։
Թեև որոշ երկրներում մեծահասակներին մինչ օրս խորհուրդ է տրվում շաբաթական չգերազանցել ալկոհոլի 14 միավորը (որտեղ 1 միավորը համապատասխանում է մոտ 280 մլ միջին թնդության գարեջրի, իսկ 1.5 միավորը՝ 125 մլ ծավալով մեկ բաժակ գինու), գիտնականները շեշտում են, որ այդ սահմանաչափը նախատեսված է միայն ռիսկերը նվազագույնի հասցնելու, այլ ոչ թե դրանք ամբողջությամբ բացառելու համար:
500.000 չինացի տղամարդկանց ընդգրկած լայնածավալ հետազոտությունը վերջնականապես հաստատել է այս միտումը՝ կապ հաստատելով ալկոհոլի օգտագործման և ավելի քան 60 տարբեր հիվանդությունների միջև, ներառյալ լյարդի ցիռոզը, կաթվածը, հոդատապը, կատարակտը և ստամոքսի խոցային հիվանդությունը։
2018 թվականին հրապարակված մեկ այլ հետազոտություն հանգել է միանշանակ եզրակացության․ առողջության կորստի ռիսկը նվազագույնի հասցնող ալկոհոլի օգտագործման մակարդակը հավասար է զրոյի։
ԱՀԿ-ի 2019 թվականի տվյալների համաձայն՝ աշխարհի 15 տարեկանից բարձր բնակչության 56%-ը լիովին ձեռնպահ էր մնում ալկոհոլի օգտագործումից (կանանց 65%-ը և տղամարդկանց 48%-ը)։ Այնուամենայնիվ, նշված տարիքային խմբի հաշվով մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի ընդհանուր սպառումը կազմել է 5.5 լիտր մաքուր սպիրտ։ Սպառման մակարդակով առաջատար են մնում ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը (9.2 լիտր) և Ամերիկայի երկրների տարածաշրջանը (7.5 լիտր)։ Կարևոր է նշել, որ ալկոհոլ օգտագործողների շրջանում միջին սպառումը հասնում է օրական վտանգավոր՝ 27 գրամ մաքուր ալկոհոլի։ Խիստ մտահոգիչ է նաև մեծ քանակներով էպիզոդիկ ալկոհոլի օգտագործման տարածվածությունը, որով զբաղվում է աշխարհի բնակչության 17%-ը և բոլոր խմողների 38%-ը։ 15–19 տարեկան դեռահասների շրջանում այս ցուցանիշը հասնում է անթույլատրելի բարձր մակարդակի՝ 22%։ Աշխարհում սպառվող ամբողջ ալկոհոլի մոտ 21%-ը բաժին է ընկնում չհաշվառվող, հաճախ անօրինական կամ տնային պայմաններում արտադրված արտադրանքին, որի որակը և անվտանգությունը հնարավոր չէ վերահսկել։
Այս թվերի բժշկական հետևանքները աղետալի են։ 2019 թվականին ալկոհոլը դարձել է աշխարհում վաղաժամ մահվան և հաշմանդամության յոթերորդ առաջատար ռիսկի գործոնը՝ պատճառ դառնալով 2,6 միլիոն մահվան դեպքի, ինչը կազմում է աշխարհում գրանցված բոլոր մահերի 4.7%-ը։ Այդ մահերից 2 միլիոնը բաժին է ընկել տղամարդկանց, իսկ 0,6 միլիոնը՝ կանանց։
2,6 միլիոն մահվան դեպքերից 1,6 միլիոնը պայմանավորված է եղել ոչ վարակիչ հիվանդություններով, 700.000-ը՝ վնասվածքներով, իսկ 300 000-ը՝ վարակիչ հիվանդություններով։ Ալկոհոլով պայմանավորված սիրտանոթային հիվանդությունները խլել են 474 000, իսկ քաղցկեղը՝ 401.000 կյանք, ինչը կազմում է աշխարհում ախտորոշվող բոլոր ուռուցքային հիվանդությունների 4.4%-ը։ Ալկոհոլի հետ կապված ՃՏՊ-ը հանգեցրել են 298 000 մահվան դեպքի, որոնցից ավելի քան կեսը բաժին է ընկել անմեղ մարդկանց, որոնք տուժել են հարբած վարորդների կամ միջադեպի այլ մասնակիցների գործողությունների հետևանքով։
2019 թվականին շուրջ 400 միլիոն մարդ (մեծահասակ բնակչության 7%-ը) տառապել է ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված խանգարումներից, իսկ 209 միլիոն մարդը (բնակչության 3.7%-ը) ունեցել է ծանր ալկոհոլային կախվածություն։ Ալկոհոլի հետ կապված տարիքով ստանդարտացված մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ԱՀԿ Եվրոպական և Աֆրիկյան տարածաշրջաններում՝ համապատասխանաբար 52.9 և 52.2 մահ 100.000 բնակչի հաշվով։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում էթանոլի քաղցկեղածին ազդեցությունը։ Այն առնվազն յոթ տեսակի քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում, ներառյալ կրծքագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղը։ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ քաղցկեղի զարգացման ռիսկի է ենթարկվում ավելի քան 200 միլիոն մարդ, ալկոհոլի հետ ասոցացված քաղցկեղի բոլոր դեպքերի կեսը պայմանավորված է այսպես կոչված «փոքր» և «չափավոր» դոզաներով ալկոհոլի օգտագործմամբ (շաբաթական 1.5 լիտրից պակաս գինի, կամ 3.5 լիտրից պակաս գարեջուր, կամ 450 մլ-ից պակաս թունդ ալկոհոլային խմիչք)։
15-49 տարեկանների խմբում ալկոհոլը դարձել է մահացության և առողջության կորստի բացարձակ առաջատար ռիսկի գործոնը․ այն պատճառ է դարձել տվյալ տարիքային խմբում մահացած տղամարդկանց 12.2%-ի և կանանց 3.8%-ի մահվան։ Այս խմբում ալկոհոլի հետ կապված մահացության հիմնական պատճառներն էին տուբերկուլյոզը (բոլոր մահերի 1.4%-ը), ճանապարհատրանսպորտային վնասվածքները (1.2%) և ինքնավնասումը կամ ինքնասպանությունը (1.1%)։
Պատմականորեն միջազգային հանրությունը փորձել է վերահսկել այս սպառնալիքը, սակայն ձեռքբերումները դեռևս համեստ են, քանզի պաշտպանական միջոցառումների ներդրման ընդհանուր տեմպերը շարունակում են մնալ անբավարար։
2010 թվականին Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընդունեց ալկոհոլի վնասակար օգտագործման նվազեցման գլոբալ ռազմավարությունը, իսկ 2022 թվականին հաստատվեց մինչև 2030 թվականը նախատեսված գործողությունների նոր գլոբալ ծրագիրը, որի նպատակն է ապահովել վնասակար ալկոհոլի օգտագործման 20%-ով հարաբերական նվազում։
2018 թվականին ԱՀԿ-ի կողմից գործարկված SAFER նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ունի աջակցել երկրներին ալկոհոլի վնասակար օգտագործման նվազեցման գործում, առաջարկվում են առավել ծախսարդյունավետ միջոցառումներ՝ ներառյալ ակցիզային հարկերի բարձրացումը, ալկոհոլի հասանելիության սահմանափակումը և գովազդի արգելումը։ Այնուամենայնիվ, մինչև 2019 թվականը ալկոհոլի վերաբերյալ ազգային քաղաքականություն ունեցել է երկրների ընդամենը 56%-ը։ Պետությունների մեծ մասը չի ցուցաբերել էական առաջընթաց լավագույն գործելակերպերի կիրառման հարցում։ Ճանապարհային անվտանգության ոլորտում 27 երկրներ, հիմնականում Աֆրիկայում և Ամերիկայում, մինչ օրս թույլատրում են վարորդների արյան մեջ ալկոհոլի խտությունը 0.05%-ից բարձր մակարդակով, մինչդեռ գիտականորեն հիմնավորված մոտեցումները պահանջում են սահմանաչափի սահմանում 0.02–0.05% միջակայքում կամ նոր վարորդների համար՝ լիակատար զրոյական հանդուրժողականություն։
«Ամփոփելով՝ կարելի է վստահորեն նշել, որ ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքի վերանայումը անցողիկ գիտական միտում չէ, այլ հանրային առողջապահության հրամայական։ Այն պահանջում է խիստ պետական կարգավորում, ալկոհոլային արդյունաբերության ազդեցության սահմանափակում և յուրաքանչյուր մարդու կողմից այն փաստի գիտակցում, որ առողջության համար անվտանգ ալկոհոլային դոզա գոյություն չունի»,- նշված է «Հերացի» վերլուծականի հոդվածում։

