Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ
Հունիսի 17-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Առաջադեմ Բուլղարիա» խմբակցության փոխնախագահ, Եվրոպական հարցերի և եվրոպական միջոցների վերահսկողության հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գալին Դուրևի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից, կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ երկու երկրների միջև վերջերս կնքված Ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր։
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, TRIPP նախագծին, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն օրակարգին։
Պարոն Դուրևը վերահաստատել է Բուլղարիայի, ինչպես նաև իր գլխավորած հանձնաժողովի աջակցությունը Հայաստանի՝ Եվրոպական Միության հետ մերձեցման գործընթացին, ինչպես նաև Խաղաղության խաչմերուկ նախագծին։

