Ալիևն ԱՄՆ կոնգրեսականի հետ TRIPP-ին առնչվող հարցեր է քննարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրումը պատմական նշանակություն ունի հարաբերությունների ընդլայնման առումով։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել այն բանին, որ Աբրահամ Համադեն ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված օրինագծի հեղինակն է՝ կապված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխության  չեղարկման հետ։ 

Ընդգծվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում, նշվել են այն հնարավորությունները, որոնք TRIPP միջանցքի ստեղծումը կբացի տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացման համար։ 

Հիշեցնենք, որ վերջերս Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Ազատության աջակցության մասին» ակտի 907-րդ փոփոխության կասեցումը երկարաձգելու համար։