Թուրքիան հետ է կանչել Բաթումիի գլխավոր հյուպատոսին
Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս 53-ամյա Ադնան Ալթայ Ալթընյորսն ազատվել է պաշտոնից։ Նա կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ ողջ համացանցում լայն տարածում են ստացել նրա՝ խաղատանը գաղտնի արված լուսանկարներն ու տեսագրությունները։ Նշենք, որ նա նշանակվել էր Բաթումիի գլխավոր հյուպատոս 2024-ի հոկտեմբերի 1-ին։
Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ները գրում են, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարության օրոք արտաքին հարաբերությունների ոլորտում փորձ չունեցող դեսպանների թիվն այժմ ընդլայնվել է՝ ներառելով նաև գլխավոր հյուպատոսներին։
Բացի այդ, խոսակցություններ են պտտվում դեսպանի կնոջ շուրջ, ով գեղեցկության սրահներ ունի Բաթումիում ու Անկարայում և գեղեցկության սրահների համար անհրաժեշտ պարագաները տեղափոխվում են գլխավոր հյուպատոսության ծառայողական մեքենաներով:
Ալթընյորսի փոխարեն գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Բանու Թերզիօղլուն։
ermenihaber

