«TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ

Խորհրդային ծագմամբ ամերիկացի ներդրողը, որը կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, մտադիր է ընդլայնել իր ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերության ոլորտում և հույս ունի, որ տարածաշրջանն ավելի լայնորեն կբացվի տնտեսական համագործակցության համար՝ Վաշինգտոնի՝ իր տնտեսական ներկայությունն ամրապնդելու ջանքերի ֆոնին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը աննախադեպ իրադարձություն է, որը կարող է հիմնովին վերափոխել տարածաշրջանը», — Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Կոնստանտին Սոկոլովը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի՝ պղնձի երկրորդ խոշոր արտադրող ընկերությունը։

«Ես մեծապես շահագրգռված եմ ընդլայնել գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ խորապես հավատում եմ դրա ընդհանուր ներուժին»։

Սա ճանապարհ է հարթել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածության համար, այդ թվում՝ TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») անվանումը կրող առաջարկվող տարանցիկ միջանցքի միջոցով։

Սոկոլովի կողմից «Թեղուտ» ՓԲԸ պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերության ձեռքբերումը համահունչ է ԱՄՆ-ի քաղաքականությանը, և նա դարձել է Թրամփի վարչակազմի՝ տարածաշրջանում իրականացվող ջանքերի հետ կապվող առանցքային դեմքերից մեկը։

Այս տարի 51-ամյա Սոկոլովը գլխավորել է Transcaspian Enterprise Fund ամերիկյան ոչ առևտրային ներդրումային հիմնադրամը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ ենթակառուցվածքային և առևտրային նախագծերում մասնավոր կապիտալ ներգրավելու նպատակով։ ԱՄՆ կառավարության կողմից 201 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության պայմաններում հիմնադրամը կենտրոնանալու է TRIPP-ի և ավելի լայն՝ Տրանսկասպյան առևտրային միջանցքի զարգացման վրա։ Վերջինս ընդգրկում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրները։

Սոկոլովի խոսքով՝ ինքը և տնօրենների խորհրդի մյուս անդամները չեն վարձատրվում իրենց աշխատանքի համար։ Նա նշել է, որ հիմնադրամի ղեկավար կազմն ընտրվել է՝ հաշվի առնելով մասնավոր կապիտալի ուղղակի ներդրումների ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաև տարածաշրջանի և այն ճյուղերի վերաբերյալ գիտելիքները, որտեղ նախատեսվում է ներդրումներ կատարել։

Մինչ այժմ արտադրանքի մեծ մասն արտահանվել է Չինաստան։ Սոկոլովը մտադիր է այն ուղղել դեպի ԱՄՆ՝ կնքելով նոր առևտրային պայմանագրեր գործող արտադրանքի գնման համաձայնագրի լրանալուց հետո։

«Այս գործարքի գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ռազմավարական նշանակության հանքային պաշարների հասանելիությունն ամերիկյան մատակարարման շղթաների համար ապահովելն էր», — հայտարարել է նա։

Սոկոլովը նախատեսում է տարեկան արտադրությունն ավելացնել մինչև 120–130 հազար տոննա պղնձի խտանյութի, որը կպարունակի շուրջ 26–28 հազար տոննա պղինձ։ Նրա խոսքով՝ արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ձեռնարկությունը լիարժեք հզորությամբ կաշխատի 2031 թվականից։