Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի դեմ հակամարտության մեջ․ CNN-ը սենսացիոն հոդված է հրապարակել
CNN-ը հրապարակել է սենսացիոն հոդված, որը ապացուցում է մեր այն պնդումները, որ Ադրբեջանը անուղղակի ներգրավված է եղել Իրանի դեմ հակամարտության մեջ։
Վաշինգտոն (DC)-Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի կերպով էլիտար զինվորական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ որպես Մերձավոր Արևելքում ստեղծված գաղտնի օբյեկտների ցանցի մաս, որոնց նպատակն էր հեշտացնել Իրանի դեմ գործողությունները. հայտնել են հարցին ծանոթ չորս աղբյուրներ: Աղբյուրներից երկուսի փոխանցմամբ՝ ուժերը գործել են Հարավային Ադրբեջանի մի քանի վայրերից, որոնք սահմանակից են Իրանի հյուսիսային սահմանին և իրենց ամենամոտ կետում գտնվում են իրանական Թավրիզ քաղաքից ընդամենը մոտ 60 մղոն (շուրջ 96 կմ) հեռավորության վրա, որին Իսրայելը հարվածել էր պատերազմի ժամանակ:
Մյուս երկու աղբյուրները նշել են, որ այդ վայրերում տեղակայվել են նաև հատուկ կոմանդոսների ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրման առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողություններ՝ պատերազմի ընթացքում Իսրայելին տալով արժեքավոր հարթակ՝ Իրանի հյուսիսային հատվածը դիտարկելու համար:
Ադրբեջանում այս գաղտնի տեղակայումը, որի մասին CNN-ը հայտնում է առաջին անգամ, Մերձավոր Արևելքում Իսրայելի պահպանած մի քանի ռազմական դիրքերից մեկն էր, որոնք նրա բանակին տվել են աննախադեպ հասանելիություն՝ ընդգծելով Իրանի հարևանների խաղացած դերը (ոմանք՝ թույլտվությամբ, իսկ ոմանք, հավանաբար, առանց դրա) Թեհրանի դեմ գործողություններին աջակցելու և հակամարտության մեջ ներքաշվելու հարցում:
Աղբյուրներից մեկի համաձայն՝ ադրբեջանական գործողությունը բաղկացած է եղել մի քանի տասնյակ զինվորականներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերի անդամներից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական ու փրկարարական ստորաբաժանումից և «Մոսադ»-ի անձնակազմից:
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը CNN-ին տված հայտարարության մեջ նշել է. «Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումները երրորդ երկրների դեմ գործողությունների համար Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ»:
CNN-ը մեկնաբանության համար դիմել է Իսրայելի վարչապետի գրասենյակին և Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ):
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

